Հայկ Մարությանը չի հերքում, որ իր կինը մասնակցում է Երևանի քաղաքապետարանի կառավարմանը

Թե իմ կինը, թե իմ ընկերները հենց առաջին օրվանից օգնում են, որ մենք կարողանանք մեր բոլոր խոստումներն իրականացնել, դա էդպես է

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի ազգությամբ չեխ կնոջ՝ Իվայի մասին մամուլն արդեն գրել է, որ նա խառնվում է քաղաքապետ ամուսնու գործերին, ժամանակի մեծ մասն անցկացնում է քաղաքապետարանում։ Նաեւ գրվել է, որ Իվան քաղաքապետարանում նշանակումների հարցում է միջնորդում, հանդիպում թեկնածուների հետ։

Ավելին՝«Իմ քայլի» ավագանու անդամները քննարկման են հրավիրել Հայկ Մարությանին և հարց բարձրացրել, որ նրա կինն այլևս չպետք է խառնվի քաղաքապետի պաշտոնական գործառույթներին։ Մարությանը լսել է նրանց և առաջարկել հաջորդ օրը քննարկում կազմակերպել նաև կնոջ հետ և լսել վերջինիս։

«Հրապարակ»-ը Մարությանից հետաքրքրվեց՝ կինը ինչպե՞ս է խառնվում քաղաքապետարանի իր գործերին, ասաց․ «Ոչ մեկ ՀՀ-ում ոչ օրենքով, ոչ դե ֆակտո չի կարող խառնվել Երեւան քաղաքի եւ քաղաքապետարանի նշանակումների հարցով։ Բնականաբար, դրա մեջ մտնում են բոլորը։ Էն, որ թե՛ իմ կինը, թե՛ իմ ընկերները հենց առաջին օրվանից օգնում են, որ մենք կարողանանք մեր բոլոր խոստումները իրականացնել, դա էդպես է։ Բոլորը ինձ օգնել են, օգնում  են եւ օգնելու են»։

Մեր հարցին, թե ինչպե՞ս է օգնել, պատասխանեց՝ «տարբեր»։

Մյուս հարցին՝ թե իր կնոջ վերաբերյալ նիստ եղե՞լ է, քաղաքապետն այդպես էլ չպատասխանեց․

«Ես մեր նիստերի մասին ինֆորմացիա դուրս չեմ հանում, որովհետեւ դրանք փակ նիստեր են։ Գոյություն ունի երկու ձեւի նիստ՝ փակ եւ բաց։ Բաց նիստի մասին ինֆորմացիան տարածվում է»։

Դիտարկմանը, թե չի՞ հերքում նիստի վերաբերյալ, կրկին ոչինչ չասաց․

«Քանի խոսքը գնաց դրա մասին, ուզում եմ ասել,որ իմ կինը եւ իր ընկերները զրոյից ծրագիր են գրել, որպեսզի 5,3 միլիոն եվրոյի ծրագիր բերվի, դրամաշնորհ լինի Երեւան քաղաքին։ Դրա հետ կապ չունի ոչ կառավարությունը, ոչ քաղաքապետարանը։ Իրենք իմ խնդրանքով դա գրել են, ներկայացվել է քաղաքապետարան եւ մեծ մրցույթում հաղթել ենք»։

Նյութի աղբյուրը՝ hraparak.am