Պարզվում է՝ իշխանությունը նախկին իշխանության լատենտ սպասարկուն է՝ նույն Ալեն Սիմոնյանով

Ամբողջ Սահմանադրությունը Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում փոխել, քանի որ ներկայիս վիճակն իրեն դուր է գալիս

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ իրեն որևէ ճամբարում չի տեսնում՝ ո՛չ «Այո»-ի, ո՛չ «Ոչ»-ի: Խմբակցությունն իր գործիքակազմն օգտագործել է և դեռ պատրաստ է դիմելու Սահմանադրական դատարան, եթե դրա համար լինեն անհրաժեշտ ստորագրություններ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Հանրաքվե անցկացնելու հետ կապված՝ ԱԺ-ում վարչապետի ելույթի մեջ կար հստակ սպառնալիք, նա իր ելույթում հստակ ասաց, որ, եթե մարդիկ կամ ինչ-որ ուժեր իրավական գործիքներով կամ այլ ճանապարհով կփորձեն կասեցնել հանրաքվեի գործընթացը, ապա նրանք կհայտարարվեն հակապետական ուժեր: Ես մեկ էլ պապիցս եմ «հակա» բառը լսել, վերջին 20 տարում ես այդ բառը չեմ լսել, այս բառապաշարը երկրի ամենաբարձր ամբիոնից բերվում է հանրային դիսկուրս: Այսինքն՝ երկրում պետք է լինեն «հակա»-ները և կողմերը, առաջիններին էլ պետք է գնդակահարել, կողմերին՝ սրբադասել, հետո խոսքը շարունակելով՝ վարչապետն ասում է, թե ովքեր կաջակցեն՝ կլինեն նվիրյալներ»,- նշեց Էդմոն Մարուքյանը:

Ըստ նրա՝ նվիրյալները քաղաքական գործընթացներից դուրս մնացած ուժերն են, որոնք այսօր լծվել են հանրաքվեի «Այո»-ի քարոզին, որպեսզի դրանով իրենց կյանքն իմաստավորեն:

«Լինելու է հանրաքվե, որտեղ 2000 տեղամաս կահավորվելու է օրենսդրության կոպիտ խախտումով, քանի որ այնտեղ չի լինելու Սահմանադրական դատարանի եզրակացությունը, ո՞նց են խախտումով ձևավորում 2000 տեղամաս և հանրաքվե անում, ժողովրդին ո՞ւր են տանում, որ ի՞նչ անի:

Սահմանադրական դատարանի այն դատավորները, որոնք այս փոփոխություններով դուրս կմնան  գործից, կգնան ու կդիմեն դատարաններ:

Վերջին հաշվով, ի՞նչ է տեղի ունենում՝ մեկ մարդու պատճառով 2,5 միլիոն մարդ գնում, ընկնում է տեղամասեր, որպեսզի ասի, թե այդ մարդը պետք է գնա, հիմա այդ մարդուն պատմության մեջ եք մտցնում ի՞նչ անեք»,- շեշտեց Էդմոն Մարուքյանը:

Նա նաև ընդգծեց, որ ամբողջ Սահմանադրությունը Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում փոխել, քանի որ ներկայիս վիճակն իրեն դուր է գալիս:

Էդմոն Մարուքյանն անդրադարձավ նաև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի այն մեղադրանքներին, որ ինքն իբրև համագործակցում է Սերժ Սարգսյանի և Միքայել Մինասյանի հետ:
Նրա բնորոշմամբ, երբ ինքը պատասխանում է Նիկոլ Փաշինյանին, վերջինս հաղորդագրություն է գրում Ալեն Սիմոնյանին, որ գա ու իրեն պատասխանի:
«Այս հարցն անդադար շահարկվել է, երբ Վանաձորի ընտրությունների քարոզարշավն էր, այդ նույն ելույթները, նույն մարդիկ ունենում էին, հետո տեսան, որ առանց մեզ ոչնչի չեն հասնում, եկան՝ ասացին, որ այդ ամենը գործընկերների փնտրտուք էր, հիմա հպարտ են «Լուսավոր Հայաստանով», Փաշինյանի այդ ելույթը կա: Դրանից հետո ստեղծվեց «Ելք» դաշինքը, որի փլուզումից հետո կրկին սկսեցին նույն խոսքերն ասել, դա քաղաքական շանտաժ է, նման բան չկա և չի կարող լինել: Ավելին ասեմ՝ դրանով իրենք հայհոյում են իրենց կենսագրությունը: Նույն Ալեն Սիմոնյանի նախկին ընկեր Արթուր Վանեցյանը վերջերս հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի ցուցումով հանդիպել է Միքայել Մինասյանին: Պարզվում է՝ իշխանությունը նախկին իշխանության լատենտ սպասարկուն է՝ նույն Ալեն Սիմոնյանով,  բայց դրա մեջ մեղադրում է մյուսներին: Հիմա սրանից հետո իմ մոտ հարց է առաջացել՝ կարո՞ղ է՝ Միքայել Մինասյանին իրենք են տարել օդանավակայան, ճանապարհել, որպեսզի հետո փնտրեն, Ալեն Սիմոնյանը կարող է ասել, թե իր ղեկավարն ինչ է հանձնարարել Արթուր Վանեցյանին, կարող է՝ Միքայել Մինասյանի բիզնեսնե՞րն են վերցրել, տեղյակ չենք»,- 168.am-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Մարուքյանը: