«Մեկ էլ տեսնում եմ՝ Փաշինյանը SMS է գրում, որ Ալենը գա ինձ պատասխանի». Մարուքյան

Մարուքյանը հիշեցրեց, որ նույն Ալեն Սիմոնյանի նախկին ընկեր, ԱԱԾ նախկին տնօրեն պարոն Վանեցյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի ցուցումով հանդիպել է Միքայել Մինասյանին

Երբ թնդանողները որոտում են, հրացանները լռում են. երբ ես պատասխանում եմ Փաշինյանին, մեկ էլ տեսնում եմ՝ Փաշինյանը SMS է գրում, որ Ալենը գա ինձ պատասխանի, news.am-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա անդրադարձավ իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կողմից իրեն ուղղված քննադատությանը, թե ինքը համագործակցել է Սերժ Սարգսյանի եւ Միքայել Մինասյանը հետ՝ նշելով. «Երբ որ Վանաձորի ընտրությունների քարոզարշավն էր, այդ նույն ելույթները այդ նույն մարդիկ ունենում էին: Հետո տեսան՝ առանց մեզ ոչ մի բանի չեն կարող բանի հասնել, եկան, ասացին՝ դա գործընկերների փնտրտուք էր, մենք ձեզ մեղադրում էինք դրա մեջ, որ փնտրենք գործընկեր, հիմա մենք հպարտ ենք «Լուսավոր Հայաստանով»:

Հետո ստեղծվեց «Ելք» դաշինքը: Հետո «Ելք» դաշինքը փլուզվեց, սկսեցինք առանձին մասնակցել Երեւանի ընտրություններին, նորից սկսեցին նույն բաներն ասել:

Դա քաղաքական շանտաժ է, նման բան չկա եւ չի կարող լինել: Ավելին ասեմ, իրենք դրանով հայհոյում են իրենց կենսագրությունը: Ոնց որ դու քեզ քրֆես ամեն օր: Որովհետեւ, եթե դու մի մարդու հետ ճանապարհ ես անցել, ու մինչեւ ճանապարհ անցնելը եւ ժանապարհ անցնելուց հետո մեղադրում ես նույն բանի մեջ, ուրեմն դու էլ ես դրա մեջ»:

Մարուքյանը հիշեցրեց, որ նույն Ալեն Սիմոնյանի նախկին ընկեր, ԱԱԾ նախկին տնօրեն պարոն Վանեցյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի ցուցումով հանդիպել է Միքայել Մինասյանին. «Պարզվում է, որ իշխանությունն ինքնին նախկին իշխանության լատենտ սպասարկուն է, բայց դրա մեջ մեղադրում է մյուսներին: Այդտեղ ինձ մոտ հարցեր են առաջացել. Կարո՞ղ է Միքայել Մինասյանին դուք եք տարել օդանավակայան ու ճանապարհել, որ հետո փնտրեք: Կարո՞ղ է Ալեն Սիմոնյանն ասել, թե ինչ է իր նախկին ընկերոջը հանձնարարել իր ղեկավարը, որ ի՞նչ անեն Միքայել Մինասյանի հետ: Կարո՞ղ է Միքայել Մինասյանի բիզնեսներն եք վերցրել, տեղյակ չենք: Բա ասում եք՝ առեւտուր չենք անում, ասում եք՝ ամեն ինչ հրապարակային է»,-ընդգծեց Մարուքյանը: