Բքի պատճառով վնասվել է Սուրբ Հովհաննես մատուռը

Նկատի ունենալով ուխտավորների անդադար հոսքը դեպի նշանավոր սրբատեղի՝ Գուգարաց թեմը հանձն է առել կատարել սրբավայրի ծածկի հիմնանորոգությունը

Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում գտնվող Սուրբ Հովհաննես մատուռը բքի պատճառով վնասվել է։ Այսօր՝ փետրվարի 8-ին Shamshyan.com-ը էլեկտրոնային նամակ է ստացել էլեկտրոնային նամակ է ստացել Գուգարաց թեմից, որում նշված է. «Փետրվարի 5-ի լուսադեմին քամուց պոկված ու վթարված Սուրբ Հովհաննես մատուռ-սրբավայրի տանիքի վերականգնման աշխատանքները կսկսվեն մոտ ապագային, երբ թույլատու կլինեն եղանակային պայմանները: Նկատի ունենալով ուխտավորների անդադար հոսքը դեպի նշանավոր սրբատեղի՝ Գուգարաց թեմը հանձն է առել կատարել սրբավայրի ծածկի հիմնանորոգությունը»։

Այս կապակցությամբ առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը հայտնել է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Մշակույթի նախարարության ճարտարապետների եւ կոնստրուկտորների ցուցումով պիտի գտնենք հիմնական լուծումներ ու վերակառուցենք սրբավայրի տանիքը: Այս անգամ վերանորոգումը կլինի ամբողջական եւ հիմնավոր»:

Նշենք, որ անցյալում եւս մի քանի անգամ քամուց տանիքը վնասվել է, վառվող մոմերի բռնկումից էլ մի քանի անգամ այն հրդեհվել է, այրվել են նաեւ սրբապատկերները: Սրբազան մատուռը մշտապես վերականգնվել է բարեպաշտ անհատների օժանդակությամբ ու նախաձեռնությամբ, սակայն, ցավոք, առանց մասնագիտական միջամտության եւ ուղղորդման: Սրբավայրի անհրաժեշտ այս վերանորոգման համար Սեպուհ Սրբազանի լոսանջելոսաբնակ մտերիմներն ու բարեկամները արդեն պատրաստակամություն են հայտնել իրենց նյութական աջակցությունը ցուցաբերելու»:

Ավելի վաղ նշել էինք, որ փետրվարի 6-ին, մի խումբ քաղաքացիներ այցելել են Լոռու մարզում գտնվող Հարթագյուղ, որտեղ Սուրբ Հովհաննես մատուռի տանիքը հայտնաբերել են ամբողջովին վնասված: Մատուռի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր: Բարեբախտաբար, միայն 2 խաչքար է վնասվել, սակայն մատուռի տանիքն ամբողջովին մնացել է բաց: