Սա 37 թիվը չէ. Հայրապետյանի մեքենան ապօրինի պահվում է ոստիկանությունում․ Մակինյան

Չի կարող այդպես լինել, որ պետությունն իր հայեցողական լիազորություններն օգտագործի կամակորությամբ

Բացառում եմ, որ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն ունենա ապօրինի զենք կամ թմրանյութ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ամրամ Մակինյանը։

«Պարոն Հայրապետյանի հետ որևէ քննչական կամ դատավարական գործողություն չի կատարվել։ Նա նշել է, որ ապօրինի զենք կամ զինամթերք չունի, ինչ-որ փաստաթղթեր են կազմվել, որի ամբողջ ընթացքը կարող էր լինել ոչ ավելի, քան 15 րոպե, մենք 3 ժամ փաստացի որևէ գործողություն չի կատարվել։ Հանձնարարություն է տրված եղել 3 ժամը լրացնել»,-նշեց նա։Մակինյանի խոսքով՝ Ռուբեն Հայրապետյանի մեքենան են պահել ոստիկանության բակում․ «Պարոն Հայրապետյանը և իր երկու ընկերները բերման են ենթարկվել ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով։  Իրենց մոտ ոչինչ չի հայտնաբերվել,  առավել ևս ապօրինի։ Ուզում եմ արձանագրել, որ պարոն Հայրապետյանի մեքենան մեզ ոստիկանությունը չի տրամադրում, անձի գույքը ոչ իրավաչափ պահվել է ոստիկանությունում։ Պատճառաբանությունն է, որ թույլ տվեք՝ զննենք։ Մենք թույլ չենք տալիս զննեն, այս կամայականությունները թույլ չեն տալու։ Չի կարող այդպես լինել, որ պետությունն իր հայեցողական լիազորություններն օգտագործի կամակորությամբ։ Սա 37 թիվը չէ»։

Խոսելով իրենց հետագա գործողությունների մասին, նա ասաց․  «Մենք արդեն իսկ արձանագրեցինք, որ մեքենաները ոչ իրավաչափ կերպով գտնվում են ոստիկանությունում։ Մենք այս մասին Դատախազությանը համապատասխան հաղորդում կներկայացնենք, նաև բացատրություն ոստիկանությունից, թե ինչ հիմքով է անձի գույքը փաստացի արգելափակված։  Զննության թույլտվություն տալիս է անձն իր հայեցությամբ։ Զննության համար պետք է դատարանի թույլտվությունը, մենք պետք է տեսնենք, որ թույլ տանք զննությունը։ Չենք պատրաստվում որևէ մեկի կամակորությունը կատարել»։

Մակինյանը վստահություն հայտնեց, որ Հայրապետյանին բերման ենթարկելու գործողությունն իրավաչափ չէ և այլ նպատակներ է հետապնդում․ «Հանրային միջոցները, որը նաև ոստիկանությունն է կրում, վատնվում է ինչ-որ մարդկանց կամակորությունները կատարելու համար։ Ակնհայտ  է ինչ է կատարվում, այս գործողությունը որևէ իրավաչափ նպատակ չի հետապնդում։ Փորձ է արվում վախի մթոլորտ ստեղծել, ուղղակի վեկտորներն ընտրված են շատ սխալ։ Պարոն Հայրապետյանն այն անձը, որին կարողանան վախեցնել, առավել ևս որ պարոն Հայրապետյանը որևէ վախենալու բան չունի։Մենք օրենքով նախատեսված ամեն ինչ անելու ենք այս իրավիճակի իրավական գնահատականը տալու համար»։