Ինչպես վստահել. երանի այն մարդուն, որի հույսը Տիրոջ անունն է. Սաղմոս 39։5

Երջանիկ կյանք ունենալու համար մենք կարիք ունենք հարաբերությունների, որոնք հիմնված են փոխադարձ վստահության վրա

Շատ ցավալի է, երբ մեր վստահությունը չեն արդարացնում։ Եթե անվստահությունը կրկնվում է մի քանի անգամ, մենք ստիպված ենք լինում լրջորեն խորհել, թե ինչ մարդկանց հետ ենք նախընտրում ընկերակցել։ Այնուհանդերձ, խաբված լինելու վտանգից խուսափելու նպատակով մարդկանցից ամբողջովին մեկուսանալը լուծում չէ։ Ինչո՞ւ։ Քանի որ չվստահելը զրկում է մեզ մեր իսկ երջանկությունից։ Եթե ցանկանում ենք, որ դիմացինը մեզ վստահի, մենք ևս պետք է վստահություն ստեղծենք նրա մոտ: Երջանիկ կյանք ունենալու համար մենք կարիք ունենք հարաբերությունների, որոնք հիմնված են փոխադարձ վստահության վրա:

Վստահությունը անհրաժեշտ է մարդուն, որպեսզի նա առանց որևէ դժվարության շփվի դիմացինի հետ: «Ամբողջ սրտով հույսդ դիր Աստծո վրա և մի՛ հպարտացիր քո իմաստությամբ», -ասում է Աստվածաշունչը (Առակաց 3։5)։

Ավելին, մենք կարող ենք ապավինել Աստծուն, քանի որ Նա ցանկանում է օգնել և պաշտպան լինել նրանց, ովքեր ծառայում են Իրեն։

Աստծո սերը առկա է Իր բոլոր գործերում։ Շնորհիվ Իր սրբության և մարդասիրության, Նա դարձել է իդեալական Հայր. մեկը, որին կարող ենք անվերապահորեն վստահել։ Ոչ ոք ու ոչինչ երբևէ չի կարող ավելի արժանի լինել վստահության, քան Աստված։

Աստծուն վստահելու մեկ այլ հիմնավոր պատճառ է այն, որ Նա մեզ հասկանում է ավելի լավ, քան ուրիշ որևէ մեկը։ Նա գիտի, որ յուրաքանչյուր մարդու հիմնական կարիքներից մեկն է Արարչի հետ կայուն, տևական ու վստահելի փոխհարաբերություններ ունենալը։ Ովքեր նման փոխհարաբերություններ ունեն, իրենց ավելի ապահով են զգում։ «Երանի այն մարդուն, որի հույսը Տիրոջ անունն է:» (Սաղմոս 39։5)։

Իհարկե, հաճելի կլիներ ապրել մի աշխարհում, որտեղ բոլորն էլ վստահելի մարդիկ են և որտեղ չկա հիասթափություն այն պատճառով, որ անհատի վստահությունը չի արդարացվել։ Շատերը կմտածեն՝ նման բան չի կարող լինել, դա ընդամենը անիրականանալի երազանք է։ Ո՛չ, դա երազանք չի կարող լինել այն մարդկանց համար, ովքեր լրջորեն են վերաբերվում աստվածաշնչյան խոստումներին:

qahana.am