Գործազուրկների թիվն աճել է 15 000-ով. սոցիոլոգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոտ 12 000 խանութ է փակվել վերջին շրջանում՝ թեպետև բնակչության որոշ մասի աշխատավարձերը բարձացրել են 30 տոկոսով

Մոտ 12.000 խանութ է փակվել վերջին շրջանում՝ թեպետև բնակչության որոշ մասի աշխատավարձերը բարձացրել են 30 տոկոսով, բայց դա համընդհանուր բնույթ չի կրում: Արտագաղթը մնում է, և ծնելիությունը չի փակում արտագաղթի կորուստները: Այս մասին այսօր հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նա կարծում է, որ հիմա տեղին է չինացիների ամենասուրբ անեծքը՝ «ապրի՛ր անցումային դարաշրջանում», որովհետև հին կանոններն ու սովորությունները արդեն չեն օգնում, նորն էլ անհասկանալի է, և դու դեռ չես հարմարվել:

«Նվազել է գործատուների թվաքանակը՝ 13.000-ից հասել է 10.000-ի, 3000 գործատու իր գործը փակել է: Նվազել է նաև զբաղվածների թվաքանակը՝ մոտ 100.000-ով:  Գրանցված գործազուրկների թիվն աճել է 15.000-ով: Միջին աշխատավարձն ընդամենն աճել է 6000 դրամով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ահարոն Ադիբեկյանը:

«Չինաստանում կորոնավիրուս (2019-nCoV)  է: Մենք Չինաստանից ներկրում ենք 664 մլն դոլարի ապրանք,  վաճառվում է մոտավորապես 100 միլիոնը: Հիմա, եթե սահմանները փակվեն, այն ընկերությունների վիճակը, որոնք զբաղվում են փոխանակումներով՝ ներմուծում, արտահանում, և այլն, նրանց աշխատակիցներին ո՞վ պետք է աշխատավարձ վճարի»,- ասաց նա:

Տեսանյութը՝ 168.am-ի