ՀՔԾ-ն՝ Նարեկ Սամսոնյանի հայտարարությունների մասին

Սամսոնյանը հանդես է եկել տվյալ քրեական գործի հետ որևէ առնչություն չունեցող քաղաքական հայտարարություններով. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի քննության ընթացքի վերաբերյալ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի կողմից կատարվող անհիմն շահարկումներից հանրությանը զերծ պահելու նպատակով, ինչպես նաև կարևորելով անաչառ և ամբողջական տեղեկատվություն ստանալու` քաղաքացիների իրավունքը, անհրաժեշտ ենք համարում հայտնել հետևյալը.

Նարեկ Սամսոնյանն այսօր հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ ՊԵԿ-ի միջոցով տնտեսվարողի նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ իր ֆեյսբուքյան գրառման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով որպես վկա հարցաքննության, որն իրականացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգի խստիվ պահպանմամբ:
Հարցաքննության ընթացքում Ն. Սամսոնյանին առաջարկվել է հայտնել իր գրառման մեջ նշված հանգամանքների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, այդ թվում՝ բացահայտել տեղեկատվության աղբյուրը, նշել ռեստորանի տվյալները, հայտնել այլ մանրամասներ:  
Ն.Սամսոնյանը, անհիմն պատճառաբանելով, որ դա իրավապահ մարմինների բացահայտման խնդիրն է, հրաժարվել է հարցերին ըստ էության պատասխանելուց, ինչի մասին նշում է կատարվել հարցաքննության արձանագրության մեջ:  

Այնուհետև Սամսոնյանը հանդես է եկել տվյալ քրեական գործի հետ որևէ առնչություն չունեցող քաղաքական հայտարարություններով: Քննիչը, չունենալով քաղաքական հայտարարությունները արձանագրությունում շարադրելու որևէ դատավարական պարտականություն, դրանք չի ներառել հարցաքննության արձանագրությունում, ինչն էլ Նարեկ Սամսոնյանը դարձրել է անհիմն շահարկումների առարկա` խեղաթյուրելով իրականությունը:  

Քրեական գործի հանգամանքների ոչ վերաբերելի, քննիչի կողմից տրված հարցադրումներից ակնհայտորեն չբխող քաղաքական հայտարարություններ կատարելով` Ն. Սամսոնյանն ընդամենը խուսափել է իրեն ուղղված հարցադրումներին պատասխանելու` վկայի դատավարական պարտականությունները կատարելուց:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Հիշեցնենք, որ խոսքը Սամսոնյանի հաղորդած այն տեղեկատվության մասին է, որ Նիկոլ Փաշինյանի դուստրերից մեկի համար մի ռեստորանից մեկ ամսվա մեջ երկու անգամ մեկական կիլոգրամ սեւ խավիար է գնվել՝ 3 հազար դոլար գնով, ապա այդ ռեստորանում հարկային ստուգումներ են իրականացվել։