Ուղեւորների թվում մանկահասակ երեխաներ, հղի կանայք կան. Ryanair-ը պարտավոր էր 2 ժամվա ընթացքում կազմակերպել տեղափոխումը Հայաստան

Տարբեր քաղաքացիներ իրենց միջոցներով փորձել են այլ ճանապարհներով վերադառնալ. խոսքը 2-3 տասնյակ ուղևորների մասին է
ինքնաթիռ

Ryanair ավիաընկերությունը պարտավոր էր 2 ժամվա ընթացքում կազմակերպել նախօրեի Միլան-Երեւան FR4456 չվերթի ժամանակ առաջացած խնդիրների պատճառով Իտալիայում մնացած անձանց տեղափոխումը Հայաստան։ Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց ուղեւորների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջնորդ կազմակերպության՝ Passenger.am ընկերության համահիմնադիր եւ տնօրեն Վաներ Հարությունյանը՝ հղում կատարելով ԵՄ 261/2004 կարգավորմանը, որը ենթադրում է պարտավորություններ  ավիաընկերության կողմից։

«Ryanair առաջարկել է օգտվել մի քանի օր անց Հռոմի չվերթից, այնինչ իրենք պարտավոր էին 2 ժամվա ընթացքում կազմակերպել այդ ուղեւորների՝ Հայաստան տեղափոխումը։ Տարբեր քաղաքացիներ  իրենց միջոցներով փորձել են այլ ճանապարհներով վերադառնալ։ Խոսքը 2-3 տասնյակ ուղեւորների մասին է»,– նշեց նա։

Passenger.am - ի համահիմնադիր Գուրգեն Ղազարյանը  Sputnik Արմենիայինհայտնել էր, որ տուժած ուղեւորների թվում մանկահասակ երեխաներ, հղի կանայք կան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ խնդիրներ են առաջացել Միլան-Երեւան չվերթի ժամանակ։

Ըստ Passenger.am-ի՝ 28.01.2020թ. Ryanair -ի Միլան-Երեւան FR4456 չվերթի մի քանի տասնյակ ուղեւորներ մերժվել են ինքնաթիռ նստեցման/գրանցման հարցում , ինչը նրանց պնդմամբ, տեղի է ունեցել չվերթի ոչ պատշաճ եւ վատ կազմակերպված լինելու պատճառով։

«Տեղեկացնում ենք, որ ըստ ԵՄ 261/2004 կարգավորման այս պարագայում եւս ավիաընկերությունը պարտավոր էր.

▪ Ուղեւորներին տրամադրել այլընտրանքային թռիչք դեպի նախնական ամրագրված նշանակման կետ,

▪ Հոգալ ուղեւորների ըմպելիքի/սննդի (եթե հետաձգումը տեւում ավելի քան 2 ժամ) եւ կացության (եթե հետաձգումը տեւում է ավելի քան 5 գիշերային ժամ) հարցերը։»,– ասված է Passenger.am-ի հաղորդագրությունում։