«Գազպրոմ Արմենիան» գազի սակագնի թանկացման հա՞յտ կներկայացնի. հանձնաժողովի նախագահ

Չի բացառվում, որ ընկերությունը հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը թանկացնելու համար

Չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը թանկացնելու համար: Այս մասին Lragir.am-ին ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Նա նշեց, որ գազի գնի չթանկացման մասին հայտարարությունը վերաբերում է միայն սահմանին վաճառվող գազին, բայց դա չի նշանակում, որ «Գազպրոմ Արմենիա»-ն չի կարող հայտ ներկայացնել հանձնաժողով:

Հարցին, թե այսինքն՝ միայն թանկացնելու համա՞ր պետք է լինի հայտը, հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Դե սահմանին 15 դոլարով գինը բարձրացել է, իսկ հաշվարկային առումով 30 դոլարով է բարձրացել, որովհետև այսօրվա գործող սակագներով շուրջ 15 դոլար Գազպրոմն իր վրա է վերցրել: Այսինքն՝ գործող գները պայմանականորեն 135 դոլար սահմանային գնի վրա են հիմնված: Այսինքն՝ այսօր խոսք է գնում այն մասին, որ շուրջ 30 դոլար արդեն հաշվարկային առումով սահմանի գինը բարձրացել է»:

Հիշեցնենք, որ 2019 թվականի վերջին տեղեկություն եղավ, որ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ռուսական գազի մատակարարման լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ 2020 թվականին Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի և կմնա 2019-ի մակարդակին:

Գարեգին Բաղրամյանից հետաքրքրվեցինք՝ այսօր կառավարությունն այլևս չի՞ բանակցում «Գազպրոմ Արմենիա»-ի հետ, որպեսզի ներքին սպառողի համար սակագնի թանկացում չլինի: «Իհարկե, բանակցում ենք: 2019 թվականին արդեն հասանք նրան, որ որևիցե բարձրացում չեղավ, բայց հիմա չեմ բացառում, որ կլինի»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք հնարավո՞ր չէ շարունակել ներքին ռեսուրսների հաշվին ֆինանսավորել թանկացումը, նա պատասխանեց. «2013-2018 թվականների պայմանագրով, երբ հանձնաժողովը որևէ գործունեություն չէր իրականացնում, այլ համաձայնագրերով էր պարտադրվում սակագինը, կային կուտակված գումարներ և խնայողություններ, որի արդյունքում և բանակցությունների շնորհիվ դա հնարավոր եղավ: Հիմա քննարկումները շարունակվում են, բայց ամեն դեպքում դա հավերժ չի կարող լինել»,- ասաց նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։