Այս մարդիկ եկել են իշխանության՝ մենակ փակելու, ջարդելու, փշրելու, ձերբակալելու, կասեցնելու եւ հեռացնելու համար

Մենք պետք է հասկանանք մի բան. սահմանված բոլոր սպասելիքները սպառվել են, Փաշինյանը չգիտի՝ էլ ինչ շոուներ կազմակերպի, ինչ խոսա, ինչ անի

«Քաղաքացիական գիտակցություն» հկ ղեկավար Նարեկ Սամսոնյանը կարծում է՝ ծննդատները ոչ թե պետք է փակվեին, այլ վերազինվեին։

«Թե Եղվարդում, թե Մարալիկում վիճակը հակասանիտարական է։ Վիրահատարան չկա, անասթեզոլոգ չկա։ Պետք է վերանորոգեին։ Պարգեւավճարների թող քիչ տային։ Զբաղված են պարգեւավճարներով եւ իրենց մանկության երազանքը կատարելով։ Գիտեմ, որ Արսեն Թորոսյանի մակության երազանքը եղել է «Պրադո» ունենալը, մի բուժհաստատության ծառայողական «Պրադոն» վերցրել են էդ բուժհաստատության տնօրենի ձեռքից, տվել են Արսեն Թորոսյանին»,- ասաց նա։

Նախկին ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանի խոսքով՝ այն տրամաբանությամբ, որ փակում են ծննդատունը օրինակ Եղվարդում, կարող էին փակել նաեւ Եղվարդի ոստիկանությունը, դպրոցը, մանկապարտեզը։

«Վերջում էլ քաղաքապետարանը փակեք եւ միացրեք Երեւանին ու նմանատիպ ամեն ինչը բերեք մտցրեք Երեւան։ Տեղից գերծանրաբեռնված Երեւանը ծանրաբեռնում են։ Այս մարդիկ առաջին օրվանից որեւէ բան չեն բացել, եկել են իշխանության մենակ փակելու, ջարդելու, փշրելու, ձերբակալելու, կասեցնելու եւ հեռացնելու։ Մենք պետք է հասկանանք մի բան՝ սահմանված բոլոր սպասելիքները սպառվել են, Փաշինյանը չգիտի՝ էլ ինչ շոուներ կազմակերպի, ինչ խոսա, ինչ անի։ Ինքն էնքան ա շտապում, որ ինչ-որ նյութ ա հրապարակում, հետո ջնջում, ասում ա՝ ժողովուրդ ջան, կճշտեմ՝ նորից կգրեմ։ Այսինքն ինչ արդեն ընկել ա էդ բանի հետեւից, գրում, ջնջում, գրում, ջնջում։

Ինքը ինչ-որ մեխանիզմներ ա փնտրում, որ մարդկանց շեղի։ Ինքը բան ու գործ չունի անելու, գրում ա, ջնջում ա, հետո ասում ա՝ սխալ էի գրել, կճշտեմ նորից կգրեմ»,- ասաց նա։