Թրամփն իր աջակցությունն է հայտնել Իրանում բողոքի ցույցերին

Մենք անմիջականորեն հետեւում ենք ձեր բողոքի ցույցերին եւ ոգեշնչվում ձեր խիզախությամբ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պարսկերեն եւ անգլերեն մի քանի թվիթ է գրել՝ ի աջակցություն Իրանում բողոքի ցույցի, որն անցկացվել է ուսանողների կողմից Թեհրանի մերձակայքում խոցված ինքնաթիռի փաստի կապակցությամբ։

«Իրանի խիզախ, բազմաչարչար ժողովրդին․ ես ձեզ հետ եմ իմ նախագահության առաջին իսկ օրից, եւ իմ վարչակազմը շարունակում է ձեր կողքին լինել։ Մենք անմիջականորեն հետեւում ենք ձեր բողոքի ցույցերին եւ ոգեշնչվում ձեր խիզախությամբ»,-գրել է նա թվիթերյան իր էջում։

Իր մեկ ուրիշ թվիթում ԱՄՆ-ի նախագահը դիմել է Իրանի կառավարությանը՝ պահանջելով մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին թույլ տալ հետեւել բողոքի ցույցերի շուրջ զարգացող իրավիճակին։

«Իրանի կառավարությունը պետք է թույլ տա մարդու իրավունքների կազմակերպությունների հետեւել եւ զեկուցել դեպքի վայրից իրանցի ժողովրդի բողոքի ցույցերի ժամանակ։ Չի կարող տեղի ունենալ ո՛չ ցուցարարների նկատմամբ հերթական վրեժը, ո՛չ Ինտերնետի անջատումը։ Մենք հետեւում ենք»,-գրել է Դոնալդ Թրամփը։

Նախօրեին ԶԼՄ-ները հայտնել էին բողոքի ակցիաների մասին, որոնք անցկացվում են Թեհրանի Ամիր Քաբիրի անվան համալսարանի շենքի դիմաց։ «Ցուցարարների շրջանում որոշ արմատական գործողություններ հրահրելու մեջ» ներգրավվածության կասկածանքով մի քանի ժամով բերման էր ենթարկվել բողոքի ցույցին ներկա գտնված Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքեյրը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Live24.am-ը, Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչության ղեկավար Դոմինիկ Ռաաբը հայտարարել էր, որ  Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մակերի կալանավորումը միջազգային իրավունքի խախտում է: