Փարիզում բողոքի զանգվածային ցույցեր են

Բողոքում են ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների

Փարիզում մեկնարկել է հերթական լայնամասշտաբ ցույցն՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ակցիայի կազմակերպիչներն են խոշորագույն ֆրանսիական արհմիությունները:

Երթին, որը սկսվել է Ազգերի հրապարակից, միացել են նաև «դեղին բաճկոններ» շարժման մասնակիցները, որոնք ավանդաբար ցույցի են դուրս գալիս շաբաթ օրերին: Ցուցարարների շարասյունը շարժվում է դեպի Հանրապետության հրապարակ:

Ցուցարարների շարքում հնարավոր է տեսնել բազմաթիվ փաստաբաններ թիկնոցներով, ինչպես նաև կրթության և երկաթուղիների ոլորտների աշխատակիցների:   

Ցուցարարներից շատերը տարբեր մասնագիտությունների տեր տարեց մարդկանց լուսանկարներով պաստառներ են պատրաստել, որոնց վրա գրված է. «Մարզիչ՝ 68 տարեկան, վեբ-դիզայներ՝ 85 տարեկան, հրշեջ՝ 70 տարեկան, սուրհանդակ՝ 72 տարեկան, դասախոս՝ 70 տարեկան: Այդպիսով նրանք քննադատում են կենսաթոշակային տարիքի բարձրացումը, որը նախատեսված է բարեփոխումներով»: