Իրաքի վարչապետի պաշտոնակատար Ադել Աբդ ալ Մահդին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյից պահանջել է ներկայացուցիչներ ուղարկել` արտասահմանյան զորքերի դուրսբերման մեխանիզմներ մշակելու համար: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն` հղում անելով վարչապետի գրասենյակի տարածած հայտարարությանը:
Հայտարարության մեջ նշվում է, որ երեկ երեկոյան Աբդ ալ Մահդին և Պոմպեոն հեռախոսազրույց են ունեցել: Վարչապետն ու պետքարտուղարը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին իրադարձությունները և տարբեր կողմերի` «իրավիճակը բաց պատերազմի չհասցնելու» ցանկությունը:
Իրաքի վարչապետը նշել է, որ ԱՄՆ-ն պետք է իր ներկայացուցիչներին ուղարկի, որպեսզի իրականացվի Իրաքի խորհրդարանի` արտասահմանյան զորքերի անվտանգ դուրսբերման որոշումը: Աբդ ալ Մահդին ընդգծել է նաև, որ «Իրաքը ցանկանում է պահպանել լավ հարաբերությունները հարևան և բարեկամ երկրների հետ»:
Պոմպեոն իր հերթին ընդգծել է, որ ԱՄՆ-ն հարգում է Իրաքի ինքնիշխանությունը:
Հիշեցնենք, որ հունվարի 5-ին Իրաքի խորհրդարանը քվեարկել է «Իսլամական պետության» դեմ պայքարի կոալիցիայի հետ համաձայնագիրը դադարեցնելու և երկրից զորքերի դուրսբերման օգտին:
0Comments