Թեհրանն ավիաաղետի հետաքննության համար տվյալներ կտրամադրի Կիևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրանական կողմը նշել է ամբողջական համագործակցության մասին` օբյեկտիվ հետաքննություն անցկացնելու և ողբերգության պատճառները պարզելու նպատակով

Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում խոստացել է, որ Թեհրանն ուկրաինացի փորձագետներին կտրամադրի անհրաժեշտ տվյալները` «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ի Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռի կործանման պատճառները պարզելու համար: Այս մասին տեղեկացնում է iz.ru կայքը:

«Իրանական կողմը նշել է ամբողջական համագործակցության մասին` օբյեկտիվ հետաքննություն անցկացնելու և ողբերգության պատճառները պարզելու նպատակով: Ռոհանին նշել է, որ Իրանն ուկրաինացի փորձագետներին հասանելիություն կտրամադրի բոլոր անհրաժեշտ տվյալներին»,-ասված է Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Զելենսկին ցավակցություններ է հղել ավիավթարի հետևանքով Իրանի քաղաքացիների մահվան կապակցությամբ: Նա հավելել է, որ ուկրաինական կողմն արդեն սկսել է հետաքննություն:

«Ես ակնկալում եմ Ձեր աջակցությունը թափանցիկ, բազմակողմանի և օբյեկտիվ հետաքննություն անցկացնելու գործում` այս ողբերգության հանգամանքները շուտափույթ պարզելու համար»,-ասել է Ուկրաինայի նախագահը:

Հիշեցնենք, որ լույս հունվարի 8-ին Թեհրանում օդ բարձրանալուց րոպեներ անց ընկել է 176 մարդ տեղափոխող ուկրաինական ինքնաթիռը, օդանավում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են: Ուղևորների թվում եղել են Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Գերմանիայի, Շվեդիայի, Աֆղանստանի քաղաքացիներ: