Պուտինը Դամասկոսում է, նա հանդիպել Սիրիայի նախագահի հետ

Երկու երկրների առաջնորդները լսել են զինվորականների զեկույցները երկրի տարբեր շրջաններում տիրող իրավիճակի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Դամասկոս և հանդիպել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։ Այս մասին, ըստ tert.am-ի, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է tass.ru-ն։

«Վլադիմիր Պուտինն օդանավակայանից ուղևորվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՌԴ Զինված ուժերի զորքերի խմբավորման հրամանատարական կետ, անցել Դամասկոսի փողոցներով»,- հայտնել է Պեսկովը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ հրամանատարական կետում ՌԴ նախագահին դիմավորել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։  Երկու երկրների առաջնորդները լսել են զինվորականների զեկույցները երկրի տարբեր շրջաններում տիրող իրավիճակի մասին։

Ավելի ուշ կայացել են սիրիական և ռուսական պատվիրակությունների երկկողմ բանակցությունները։  Պեսկովի խոսքով՝ «Ասադի հետ շփման ընթացքում Պուտինը նշել է, որ այժմ կարելի է վստահաբար արձանագրել, որ սիրիական պետականության վերականգնման և երկրի տարածքային ամբողջականության ճանապարհին Սիրիան զգալի առաջընթաց է գրանցել»:

Պեսկովը նաև նշել է, որ Սիրիայի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պուտինին այցի համար և երախտագիտություն հայտնել ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի և ռուս զինվորականների օգնության և Սիրիայում խաղաղ կյանքի վերականգնման համար: