Իրանի ԱԳ նախարար Զարիֆին հրավիրել են Բրյուսել՝ քննարկելու ապաԷսկալացման հարցը

Բորելը Իրանին կոչ է արել «ուշադիր մտածել ցանկացած արձագանքի մասին» և Զարիֆին հրավիրել է Բրյուսել՝ քննարկելու Մերձավոր Արևելքի իրադրությունը

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը «Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին հրավիրել է Բրյուսել՝ քննարկելու Իրաքում ապաԷսկալացման հարցը»: Այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության հայտարարության մեջ, tert.am-iի փոխանցմամբ՝ գրում է Reuters  գործակալությունը:

Բորելը խորը մտահոգություն է հայտնել Բաղդադի օդանավակայանի շրջակայքում ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության կապակցությամբ, գրում է աղբյուրը:

Բորելը Իրանին կոչ է արել «ուշադիր մտածել ցանկացած արձագանքի մասին» և Զարիֆին հրավիրել է Բրյուսել՝ քննարկելու Մերձավոր Արևելքի իրադրությունը և Թեհրանի հետ միջուկային գործարքը պահպանելու հարցը:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ռազմական խորհրդականը կիրակի օրը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների կողմից իր երկրի ամենաազդեցիկ հրամանատարներից մեկի սպանությանը Իրանի պատասխանը, անկասկած, ռազմական պատասխան կլինի «ռազմական օբյեկտների դեմ»:

«Թույլ տվեք ձեզ մի բան ասել. մեր ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ մենք երբեք պատերազմի չենք ձգտել և չենք ձգտի: Այդ Ամերիկան պատերազմ սկսեց: Միակ բանը, որ կարող է վերջ դնել պատերազմի այս շրջափուլին այն է, որ ամերիկացիները ստանան այնպիսի հարված, որ հավասարազոր է նրանց հասցրած հարվածին»,- ասել էր նա: