Ռուբեն Հայրապետյանի գործով ձերբակալված անձանց դատարանն ազատ է արձակել

Դատավորներ Մնացական Մարտիրոսյանն ու Գագիկ Պողոսյանը դժվար թե առանց լուրջ հիմքերի ու հատկապես հիմնավոր կասկածի բացակայության հիմքով ազատ արձակելու վճիռ կայացնեին

Երեկ 168.am-ը տեղեկացրել էր, որ Ռուբեն Հայրապետյանի գործով անցնող Կարեն Մկրտչյանին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հենց դատարանի դալիճից ազատվել էր կալանքից` հիմնավոր կասկածի բացակայության պատճառով, իսկ ավելի ուշ իր դատին մասնակցելու եկած Վահագն Դավթյանին ոստկանությունը թույլ չի տվել մասնակցել իր դատական նիստին, ու հենց դատարանի մոտից նրան տարել էին ՁՊՎ:

Խոսքը վերաբերում է ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ հիշատակվող անձանց` Կարեն Մկրտչյանին ու Վահագն Դավթյանին: Ըստ հաղորդագրության` ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի պատվերով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲ ընկերության կողմից մարզադաշտերի կառուցման ընթացքում թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում ձեռք են բերվել ապացույցներ «Զեյթունի կահույքի Ֆաբրիկա» ԲԲԸ տնօրենին և ՀՖՖ տեխհսկիչին կասկածելու ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման մեջ, որոշումներ են կայացվել նրանց ձերբակալելու վերաբերյալ, որոնց կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցներին:

Նշված անձանց փաստաբաններ Վահե Դանիելյանն ու Հայկ Քոչինյանը մեզ հետ զրույցում նշում էին, որ թերևս Կարեն Մկրտչյանի` կալանքից ազատ արձակման նախադեպը հաշվի առնելով էր ոստիկանությունը տառացիորեն դատարանի բակից տարել իրենց պաշտպանյալին:

Եվ ահա տեղեկացանք, որ երեկ` կեսգիշերին, կայացել է նաև Վահագն Դավթյանի գործով դատական նիստը, ու վերջինս նույնպես ազատվել է կալանքից հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, ինչպես և Կարեն Մկրտչյանը:

Ըստ էության պայթեց Քննչական կոմիտեի կողմից հանրությանը հրամցված ևս մեկ աղմկոտ գործի փուչիկը, քանի որ դատավորներ Մնացական Մարտիրոսյանն ու Գագիկ Պողոսյանը դժվար թե առանց լուրջ հիմքերի ու հատկապես հիմնավոր կասկածի բացակայության հիմքով ազատ արձակելու վճիռ կայացնեին վերոնշյալ անձանց նկատմամբ: