Հարցվածների գերակշիռ մասը դեմ է Ամուլսարի շինարարության վերսկսմանը. «GALLUP International association»

Հարցման մեջ ներառված է եղել նաև Վլադիմիր Պուտին-Բելլա Քոչարյան հանդիպման վերաբերյալ հարցը

«GALLUP International association»-ի հարցմանը մասնակցած քաղաքացիների գերակշիռ մասը համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի կարծիքի հետ, որ Ամուլսարի շինարարական աշխատանքները պետք է սկսվեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն, ըստ tert.am-ի, ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

Հարցմանը մասնակցել է 1517 անձ, այն անցկացվել է նոյեմբերի 9-ից մինչև դեկտեմբերի 1-ը:

«Երկար քննարկումներից և հետազոտություններից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չկան հիմքեր, որ Ամուլսարի հանքը փակվի, և շուտով շինարարական աշխատանքները կվերսկսեն. «ինչպես եք վերաբերվում Նիկոլ Փաշինյանի այս որոշմանը» հարցին «միանշանական դրական» պատասխանել է միայն 16 տոկոսը, «ավելի շուտ դրական» ասել է 26,7 տոկոսը: «Ավելի շուտ բացասական» նշել է 19,1 տոկոսը և «միանշանակ բացասական» նշել է 20,8 տոկոսը, դժվարացել է պատասխանել 18,5 տոկոսը»,-մանրամասնեց նա:

Հարցման մեջ ներառված է եղել նաև Վլադիմիր Պուտին-Բելլա Քոչարյան հանդիպման վերաբերյալ հարցը:

«44 տոկոսն ասել է, որ դա հստակ ազդակ էր ՀՀ իշխանություններին՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հետ կապված անհամաձայնության վերաբերյալ, 39,9 տոկոսը նշել է, որ դա ուղղակի հարգանք էր և անհանգստություն՝ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ, 19,6 տոկոսը  դժվարացել է պատասխանել այս հարցին»,-նշեց նա: