Հասկացրել են, որ Մելիքբեկյանը պետք է դառնա ՀՖՖ նախագահ

Սրա նպատակը վերահսկելն է, որովհետև ռեպրեսիաներ են գնում պատվիրակների, անդամների նկատմամբ, նպատակը վերահսկողություն սահմանելն է. Լուսինե Բակումյան

Այսօր հայտնի կդառնա ՀՖՖ նոր նախագահի անունը։ Լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը շաբաթ օրը հայտարարեց, որ հանում է իր թեկնածությունը և սկսում սատարել ՀՖՖ գործող փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանին։ Այս պահին թեկնածուները  երկուսն են՝ «Լոռի» ֆուտբոլային ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանն ու իշխանական թեկնածու Արմեն Մելիքբեկյանը։

ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ, ՀՖՖ գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը առաջարկել է, որպեսզի այսօրվա ընտրություններում բաց քվեարկություն ընթանա, այն դեպքում, որ ՀՖՖ կանոնադրությամբ նախատեսված է փակ քվեարկություն։

«Կարող եք հանգիստ տպել, որ նա, ով նման առաջարկություն է արել, ուղեղից այլասերված է։ Նման բան ուղղակի չի կարող լինել։ Առաջարկել են, որպեսզի բաց քվեարկություն լինի, բայց տվյալ դեպքում նման իրավունք չկա։ Ես չեմ կարծում, որ մեր պատվիրակները կգնան այդ քայլին։ Դա Ազարյան Արթուրն է առաջարկել, բայց չգիտեմ՝ իրեն ով է հրահանգավորել, չեմ կարծում՝ երազում նման բան է տեսել։ Սրա նպաատակը վերահսկելն է, որովհետև ռեպրեսիաներ են գնում պատվիրակների, անդամների նկատմամբ, նպատակը վերահսկողություն սահմանելն է»,- մեզ հետ զրույցում նշեց ՀՖՖ վարչաիրավական դեպարտամենտի նախկին ղեկավար Լուսինե Բակումյանը։

Մենք նաև տեղեկություններ ունենք, ԱԱԾ-ն ու ոստիկանությունը կապվել են քվեարկության իրավունք ունեցող  ՀՖՖ անդամ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և հասկացնել տվել, որ Մելիքբեկյանը պետք է դառնա ՀՖՖ նախագահ։

Նյութի աղբյուրը՝ hraparak.am