Նոր ընտրություններ՝ Իսրայելում

Երկրի խորհրդարանն ինքնալուծարման որոշում է կայացրել

Իսրայելի խորհրդարանը (Քնեսեթ) որոշել է երկրում 2020 թվականի մարտի 2-ին խորհրդարանական ընտրություններ անցկացնել, ինչը մեկ տարվա ընթացքում կդառնա երրորդը, tert.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Reuters գործակալությունը: 

Նշվում է, որ խորհրդարանը որոշել է ընտրություններ անցկացնել, քանի որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակից Բենի Գանցը չկարողացան կոալիցիոն նոր կառավարություն ստեղծել:

Քնեսեթում ընտրությունների օրը հաստատող օրենքի օգտին քվեարկել են բոլոր ներկա պատգամավորները՝ 94 հոգի:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Իսրայելում տեղի են ունեցել պատմության մեջ առաջին կրկնակի խորհրդարանական ընտրությունները:

Դրանց արդյունքներով Բենի Գանցի «Կապույտ և սպիտակ» կուսակցությունը ստացել է մանդատների առավելագույն քանակը՝ 33: Երկրորդ տեղը զբաղեցրել է Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը՝ 32 մանդատ։

Կուսակցություններից ոչ մեկը չի կարողացել մեծամասնություն ձևավորել: