Շները երկարացնում են իրենց տերերի կյանքը. գիտնականներ

Կենդանիներն օգնում են իրենց տերերին ազատվել անհանգստության, մենության զգացումից, բարելավել ինքնավստահությունն ու տրամադրությունը, ինչպես նաև ընդհանուր հոգեկան առողջությունը

Շները դրական ազդեցություն են ունենում տերերի առողջության վրա և կարող են նույնիսկ երկարացնել նրանց կյանքը: Նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները, գրում է Circulation: Cardiovascular Quality and Outcomes-ը:

Մասնագետների կողմից կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տանը շուն ունենալը կարող է նվազեցնել տերերի վաղաժամ մահվան ռիսկը 24%-ով:

Գիտնականներն ուսումնասիրել են 10 տարվա ընթացքում անցկացված 10 փորձերի տվյալները՝ 3.8 միլիոն մարդու մասնակցությամբ: Պարզվել է, որ ընտանի կենդանիներ պահելը հատկապես օգտակար է սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդկանց համար, որոնց մահվան հավանականությունը կրճատվում է 31%-ով:

Կենդանիներն օգնում են իրենց տերերին ազատվել անհանգստության, մենության զգացումից, բարելավել ինքնավստահությունն ու տրամադրությունը, ինչպես նաև ընդհանուր հոգեկան առողջությունը:

Բացի այդ, շան ներկայությունը ենթադրում է ֆիզիկական ակտիվություն: