Ի՞նչ բարդություններ կարող է առաջացնել դիաբետը

Դիաբետով հիվանդ մարդիկ նվազագույնը տարին մեկ անգամ պետք է ակնաբույժի հաճախեն և մանրամասն հետազոտվեն
դիաբետ

Դիաբետով հիվանդ մարդիկ հաճախ են խնդիրներ ունենում՝ կապված  սրտի, ուղեղի, նյարդերի, երիկամների և ոտքերի հետ: Այս խնդիրների առաջացումը կանխարգելելու լավագույն միջոցը արյան մեջ շաքարի պարունակությունը կարգավորելն է և առողջական վիճակի մասին մշտապես հոգ տանելը:

ՈՒղեղ

Դիաբետը մեծացնում է ուղեղի կաթվածի հնարավորությունը:

Ահազանգող ախտանշաներն են՝

  • Թմրածություն (թմրում են դեմքը, ձեռքերը, ոտքերը. թմրածությունն արտահայտվում է մարմնի միայն մի կողմում),
  • Հանկարծակի սրտխառնոց,
  • Խոսելու կամ պարզ բառեր և նախադասություններ հասկանալու դժվարություն,
  • Հանկարծակի սկսվող ուժեղ գլխացավ և տեսողության աղոտացում,
  • Մարմնի հավասարակշռության կորուստ:

Աչքեր

Դիաբետով հիվանդ մարդիկ նվազագույնը տարին մեկ անգամ պետք է ակնաբույժի հաճախեն և մանրամասն հետազոտվեն: Աչքերի խնդիրները կարող են արտահայտվել տեսողության աղոտացմամբ, տեսողության մեջ կետերի կամ բծերի առկայությամբ, աչքում անհարմարության զգացողությամբ կամ առհասարակ տեսողության կորստով:
Դիաբետի դեպքում կարող են առաջանալ աչքերի հետևյալ բարդությունները՝

  • Կատարախտ,
  • Գլյուկոմա,
  • Ռետինոպաթիա:

Սիրտ

Դիաբետ ունեցող մարդիկ առավել շատ են հակված սրտի հիվանդությունների և կաթվածի: Հենց սրտի հիվանդություններն են հաճախ դիաբետով հիվանդ մարդկանց մահվան պատճառ դառնում: Շատ կարևոր է արյան մեջ շաքարի պարունակության կարգավորման հետ մեկտեղ հետևել օրգանիզմում խոլեստերինի քանակությանը և արյան բարձր ճնշմանը: Ախտանշաններ, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի՝

  • Շնչառության կարճատևություն,
  • Թուլություն և գլխապտույտ,
  • Առատ քրտնարտադրություն և սրտխառնոց,
  • Ճնշում և ցավ կրծքավանդակում,
  • Ցավ ուսերի և ձախ ձեռքի շրջանում

Երիկամներ

Առնվազն տարին մեկ անգամ ստուգեք մեզի մեջ սպիտակուցների առկայությունը: Մեզում սպիտակուցների առկայությունը երիկամային հիվանդության նշան է: Արյան բարձր ճնշումը նույնպես կարող է հանգեցնել երիկամի հիվանդության: Ատանիշներ, որոնք հուշում են երիկամների հիվանդության մասին՝

  • Ձեռքերի, ոտքերի և դեմքի այտուցվածություն,
  • Այտուցից քաշի ավելացում,
  • Քնկոտություն, որը սովորաբար առաջանում է երիկամների հիվանդության վերջին փուլում:

Ոտնաթաթեր

Արյան մեջ շաքարի բարձր պարունակությունը կարող է խոչընդոտել արյան շրջանառությունը  և վնասել նյարդը, որն էլ իր հերթին դանդաղեցնում է վերքերի ապաքինումը: Կարող են առաջանալ անտանելի ցավեր և ոտնաթաթերի անզգայացում: Վատագույն դեպքում սա հանգեցնում է մատների, ոտնաթաթի կամ ամբողջ ոտքի անդամահատման:

 Նյարդեր

Արյան մեջ շաքարի բարձր պարունակությունը  կարող է ազդել մարմնի բոլոր  նյարդային վերջույթների վրա: Նյարդի վնասումը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել.
Նյարդի վնասման ախտանիշներից են`

  • Այրող ցավ,
  • Թմրածություն,
  • Ոտնաթաթերի կամ ոտքի ստորին հատվածի անզգայացում կամ ծակծկոց,
  • Սեռական ֆունկցիայի խախտում թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մոտ:

doctors.am