Պակիստանում գնացքի պայթյունից ավելի քան 70 զոհ կա

Միջադեպը ամենամեծ երկաթուղային պատահարն է Պակիստանում վերջին 15 տարիներին

Առնվազն 73 մարդ զոհվել, եւս 40-ը հինգշաբթի տուժել է պակիստանյան գնացքում հրդեհի հետեւանքով, որն առաջ է եկել գազի բալոնի պայթյունից։ Բալոնը ուղեւորներն օգտագործում էին նախաճաշ պատրաստելու համար, տեղեկացրել է երկրի երկաթուղային տրանսպորտի նախարարը, տեղեկացնում է Reuters-ը։

Հրդեհը ոչնչացրել է գնացքի երեք վագոն Ռահիմյար-Խան քաղաքի մոտ, որը գտնվում է Փենջաբ նահանգի հարավում։ Գնացքն ուղեւորվում էր Կարաչիից դեպի Ռավալպինդի, որը մայրաքաղաքից հեռու չէ։ Շատ ուղեւորներ գնում էին մասնակցելու կրոնական կոնֆերանսին։

Միջադեպը ամենամեծ երկաթուղային պատահարն է Պակիստանում վերջին 15 տարիներին։

Խնդիրն այն է, որ մարդիկ գազի բալոններ են տանում գնացքում կերակուր պատրաստելու համար՝ երկարատեւ ճանապարհորդության ժամանակ, եւ դա տարածված երեւույթ է, ասել է երկաթուղային տրանսպորտի նախարար Շեյխ Ռաշիդ Ահմեդը։

Բայց մի քանի տուժողներ կասկածներ են հայտնել պայթած բալոնի վերաբերյալ՝ ԶԼՄ-ներին տեղեկացնելով, որ հրդեհի պատճառը կարող էր եղած լինել կարճ միացումը գնացքի էլեկտրասարքավորումներում։