Կառավարության հրճվանքն ու դառը իրականությունը

Բիզնես հանրությունը մոտ չի գալիս Հայաստանի տնտեսությանը, այլապես հիմա Նիկոլ Փաշինյանի խոստացած ներդրողները վաղուց Հայաստանում պիտի լինեին

Կառավարությունը ձախողել է տնտեսական բարեփոխումները։ Ահա այն, ինչը ըստ էության, արձանագրում են միջազգային կազմակերպությունները` գնահատելով Հայաստանի դիրքերը գործարարության դուրինության համաշխարհային սանդղակում։ Ու ինչքան էլ կառավարությունը փորձի պատճառներ կամ հիմնավորումներ փնտրել դրա համար, իրականությունից հնարավոր չէ փախչել։ 

Վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը առիթը բաց չի թողնում դրսի ու ներսի գործարարներին համոզելու, որ Հայաստանում տնտեսական իրավիճակը փոխել է, բարելավել է գործարար միջավայրը, վերացել են մենաշնորհները, չկան խոչընդոտներ` տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար։ Ու մինչ թվում է, թե այդքանից հետո հիմա պիտի գործարար ակտիվությունը երկրում ծաղկում ապրեր, այն շատ դանդաղ է տեղից շարժվում։

Գործարար միջավայրի «բարելավումը» արդյունք չի տալիս։ Բիզնես հանրությունը մոտ չի գալիս Հայաստանի տնտեսությանը, այլապես հիմա Նիկոլ Փաշինյանի խոստացած ներդրողները վաղուց Հայաստանում պիտի լինեին։

Պատկերացումները, որ մենաշնորհների վերացման կամ կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ հայտարարությունները բավարար են խոսելու բիզնեսի գործունեության համար բարվոք պայմանների ապահովման մասին, խիստ մակերեսային են։ Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանն անկեղծ զարմանում է, թե ինչո՞ւ են գործարարության դյուրինության վերաբերյալ Համաշխարհային բանկի հրապարակած զեկույցում Հայաստանի դիրքերը թուլացել։

Վարչապետը հավանաբար մտածում է, որ այն ինչ արվել է իշխանափոխությունից հետո, բավարար է գործունեության համաշխարհային սնդղակում թռիչքային առաջընթաց գրանցելու համար։ Բայց այդպես չէ։ Այդպես չէ, որովհետև գործարար միջավայրի բարելավման վերաբերյալ մասնագետների գնահատականները տարբերվում են վարչապետի պատկերացումներից։

Գործարարության ոլորտում այսօր էլ Հայաստանում առկա են բազմաթիվ խնդիրներ։ Կառավարությունն ավելի շատ խոսում է, քան գործնական քայլեր իրականացնում դրանք վերացնելու ուղղությամբ։

Բիզնեսի վարման առումով համաշխարհային սանդղակում Հայաստանի դիրքերը թուլացնում են փոքր բաժնետերերի շահերի պաշտպանությունը, շինարարական թույլտվությունների տրամադրման ձգձգումները, հարկային և վարկային քաղաքականությունների հետ կապված խնդիրները, արժեթղթերի շուկայի տխուր իրավիճակը։ Ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանություններին ոչ մի կերպ չի հաջողվում բեկում մտցնել բորսայական առևտրում։ Մինչդեռ դա է տնտեսության զարգացման և ներդրումների ներգրավման ամենակարճ ճանապարհը։ Այն արհեստական միջամտությունները, որոնք արվում են արժեթղթերի շուկայում աշխուժության տպավորություն ստեղծելու համար, հեռու չեն տանելու։ Դրա համար անհրաժեշտ են խորքային բարեփոխումներ, որոնց տակ իշխանությունները կարծես մտադիր չեն մտնել։

Որոշ ոլորտներում գործարարության համար գուցե և դրական տեղաշարժեր կան։ Բայց դա բավարար չէ խոսելու միջավայրի բարելավման մասին։ Ու դեռ չհաշված այն անառողջ մթնոլորտը, որը քաղաքական իշխանության համառ ջանքերով վերջին մեկուկես տարում տիրում է մեր երկրում։

Գործարարությունը չի կարող զարգանալ մի երկրում, որտեղ չկա կայունություն ու կանխատեսելիություն։ Սրանք բիզնեսի վարման այն երկու գլխավոր նախապայմաններն են, որոնք վաղուց չկան Հայաստանում։ Իշխանափոխությունից նույնիսկ մեկուկես տարի հետո մարդիկ չգիտեն, թե ինչ սպասեն վաղը։ Ամեն օր հասարակությունն ու տնտեսությունը նոր փորձության է բախում ու պարզ չէ, թե դա դեռ ինչքան կարող է շարունակվել։

Քաղաքական անկայուն իրավիճակը բիզնես ակտիվության թերևս ամենամեծ խոչընդոտն է` ինչը ի չիք է դարձնում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ցանկացած դրական նախաձեռնությունը։ Անկախ նրանից, թե համաշխարհային գործարարության սանդղակում ինչպիսին կլինի Հայաստանի դիրքը, նման պայմաններում անիմաստ է ակնկալել գործարար ակտիվության։

Աղբյուր` Փաստինֆո