Ստիպված լինելով ջնջել սխալները

Էրիկ Վարդանյանն անշնորհք պահվածքը տեղափոխել էր սոցցանցեր

Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի «Արարատ» – «Փյունիկ» հանդիպման ամենակարևոր դրվագը տանտերերի՝ 4-2 հաշվով հաղթանակը կամ Տարխանովի բացակայությունը չդարձան:

Խաղի 67-րդ րոպեին Էրիկ Վարդանյանը չկարողացավ զսպել իրեն ու ոչ-մարզական պահվածք ցուցաբերեց՝ նախ հարված հասցնելով իր նկատմամբ կանոնները խախտած մրցակցին, այնուհետ հարձակվելով մրցավարի վրա: Կարմիր քարտ ստանալուց հետո Վարդանյանը հանդերձարանի ճանապարհին միջնամատ ցույց տվեց «Արարատի» երկրպագուներին:

Ֆուտբոլիստի տգեղ պահվածքից հետո էլ հրմշտոց էր սկսվել տրիբունայում՝ երկու թիմերի երկրպագուների և Վարդանյանի հոր մասնակցությամբ:

Մինչ ֆուտբոլասերները համացանցում բաժանվել էին երկու խմբի՝ Վարդանյանի արարքը քննադատողներ և արդարացնողներ, ֆուտբոլիստն իր ոչ պրոֆեսիոնալ և շատ ավելի տգեղ պահվածքը բերեց համացանց:

Հայաստանի Ազգային հավաքականի և «Փյունիկի» ֆուտբոլիստը նախ ակումբի «Ինստագրամի» պաշտոնական էջում խաղի արդյունքի մասին գրառման մեկնաբանություններում «հեռախոսահամար էր պահանջել» երկրպագուից, իսկ հետո իր անձնական էջի «Սթորի» բաժնում հայհոյանք պարունակող կոպիտ գրառում կատարել ու թողել իր հեռախոսահամարը:

armsport.am