Թաիլանդում կինը «վերակենդանացել» է դիակիզումից րոպեներ առաջ

Երեք օր շարունակ կինը դագաղի մեջ պառկած է եղել բուդդիստական տաճարում
Թաիլանդ

Թաիլանդում կինը կյանքի նշաններ է սկսել ցույց տալ դիակիզումից րոպեներ առաջ, գրում է The Sun-ը: 

70-ամյա Ֆինիջ Սոպաջորնին, որը վահանաձև գեղձի ուռուցք ուներ, մահացած էին ճանաչել հոկտեմբերի 20-ին, ինչից հետո կնոջ ընտանիքը սկսել էր պատրաստվել նրա հուղարկավորության արարողությանը: Երեք օր շարունակ կինը դագաղի մեջ պառկած է եղել բուդդիստական տաճարում:

Դիակիզումից առաջ նրա ամուսինն ավանդական ծիսակարգ է անցկացրել, որը պետք է «մաքրեր» նրա մարմինը: Սակայն տղամարդը նկատել է, որ կնոջ մարմինը սառած չէ, բացի այդ, նա նկատել է, որ իր կինը շատ աննկատ շնչում է, իսկ կոպերը դողում են: 

Կնոջը տեղափոխել են հիվանդանոց:

«Կինս ծանր վիճակում է, չեմ կարծում, որ նրան կհաջողվի հաղթահարել այս իրավիճակը, սակայն նա ողջ է, նրա մեռնելու ժամանակը դեռ չի եկել: Եթե նրան ողջ դիակիզեին, դա սարսափելի կլիներ»,- ասել է կնոջ ամուսինը: