Կաշառակեր պաշտոնյան ու ՀԴՄ չտրամադրող խանութը նույնն են. վարչապետ

Յուրաքանչյուրը պետք է մի միավոր ծախսելու դիմաց աշխատի ավելի շատ արդյունք ստանալ

Գյուղատնտեսության կառուցվածքը չի սպասարկում մեր ազգային եւ պետական ձգտումները, որովհետեւ գյուղատնտեսություն ասելով շարունակում ենք իներցիայով հասկանալ եւ ընկալել, որ մարդ պետք է չարչարվի, տոկոսի տակ ընկնի եւ ոչ մի արդյունք չստանա դրա դիմաց: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին՝ մարզի գործարարների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ մեր խնդիրն է արդյունաբերական գյուղատնտեսության զարգացումը, եւ դա առանց հողային ռեֆորմի հնարավոր չէ։

«Հողերի հետ կապված շատ ներդրումային ծրագրեր մարզերում կանգնած են՝ հողերի նշանակության փոփոխության պրոցեսի արդյունքում։ Կա հայեցակարգային 2 մոտեցում. մի կողմից ասում ենք, որ պետք է բերենք ներդրումներ, հիմա մարզպետներն էլ մեզ բողոքում են՝ ասում եք ներդրումներ պետք է լինեն, բայց անընդհատ հողերի նշանակության եւ փոփոխության  հետ կապված խնդիր է առաջանում։ Այնպես չլինի, որ մենք մեր գյուղատնտեսական հողերը դնենք շինարարության տակ, բայց մյուս կողմից այնպես չլինի, որ արգելակենք»,- ասաց վարչապետը։

Նա Էկոնոմիկայի փոխնախարար Արտակ Քամալյանին հանձնարարեց, որ հողային ռեֆորմի պրոցեսի համար աշխատանքային խումբ ձեւավորի եւ ղեկավարի. «Պայմանավորվենք, որ միայն գյուղատնտեսության շահերը չէ, որ հաշվի է առնելու, այլեւ պետք է բալանսը պահել»։

Խաղողի մթերման գործընթացում գործարանի եւ գյուղացու հարաբերությունների մասին խոսելիս Փաշինյանը բերեց բիզնեսի «խաղի 4 կանոններ».

«Խաղի կանոնները չորսն են` մի՛ գողացիր, դա վերաբերում է բոլորին եւ՛ պետական եւ՛ ոչ պետական պաշտոնյային: Եթե խանութի աշխատողը ՀԴՄ չի խփում` ինքը գող է, դա նույն է, որ պետական պաշտոնյան գողանա: Կաշառակեր պաշտոնյան եւ ՀԴՄ չտրամադրող խանութը նույնն են: Հաջորդը` եղի՛ր արդյունավետ, յուրաքանչյուրը պետք է մի միավոր ծախսելու դիմաց աշխատի ավելի շատ արդյունք ստանալ, երրորդը` եղի՛ր նորարար, չորրորդը` եղի՛ր համագործակցող եւ թիմային: Վերջինը վերաբերում է գյուղացու եւ գործարարի հարաբերություններին: Եթե նրանք չարձանագրեն, որ իրենք գործընկերներ են, բան չի փոխվի: Խնդիրների լուծման ճանապարհը երկխոսությունն է»։