Էնքան մարդ կա, որ կարանք ձերբակալենք. Հրաչյա Հակոբյան

«Փաշինյանի ռեյտինգը, թերևս, միայն Ամուլսարի ժամանակ է, որ մի փոքրիկ անկում գրանցեց, իսկ կոնկրետ Ձեր մատնանշած` հայտնի հրաժարականների, մասնավորապես՝ Արթուր Վանեցյանի դեպքում Փաշինյանի ռեյտինգը վերելք գրանցեց»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեսակետ կա, թե Նիկոլ Փաշինյանի ռեյտինգն անկում է գրանցել ուժայինների հրաժարականների, Ամուլսարի հետ կապված։ Դա Ձեզ չի՞ անհանգստացնում՝ հարցրինք ԱԺ պատգամավոր, Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանին։

«Փաշինյանի ռեյտինգը, թերևս, միայն Ամուլսարի ժամանակ է, որ մի փոքրիկ անկում գրանցեց, իսկ կոնկրետ Ձեր մատնանշած` հայտնի հրաժարականների, մասնավորապես՝ Արթուր Վանեցյանի դեպքում Փաշինյանի ռեյտինգը վերելք գրանցեց։ Վանեցյանի քայլերը հասարակությունը դիտեց որպես դավաճանություն»:

Որտեղի՞ց վերցրիք։ «Ես դուրս եմ գալիս փողոց, քայլում եմ Հյուսիսային պողոտայով, Կասկադով, մարդիկ մոտենում են, չեմ ասում` ամեն քայլափոխի, բայց մարդկանց ժպիտները, վերաբերմունքը դա են ապացուցում»:

Ժպիտը քաղաքական կատեգորիա չէ։ «Ներողություն, ռեյտինգը քաղաքական կատեգորիա՞ է»: Միանշանակ. հարցումների արդյունքները քաղաքական կատեգորիա են։ «Էդ դեպքում հասարակությունը մեզ 70 տոկոս ձայն է տվել»:

Ի դեպ, պարոն Հակոբյան, ըստ օդում կախված լուրերի՝ դուք ուզում եք «նոն-ստոպ» ձերբակալություններով բարձրացնել Փաշինյանի ռեյտինգը։ «Գիտեք, ինչքան շատ ձերբակալություններ լինեն ՀՀԿ-ից և նախորդ իշխանություններից, մեր ռեյտինգը կանցնի 100 տոկոսը, սակայն մենք չենք գնում այդ ճանապարհով. ո՞ւմ ենք հանիրավի ձերբակալել, կարա՞ք ասեք։ Էնքան մարդ կա, որ կարանք ձերբակալենք, էնքան են մեզնից պահանջում` սա ինչի՞ ա ազատության մեջ, նա` ինչո՞ւ։ Չենք ձերբակալում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում