Չի բացառվում, որ առաջիկայում բոլոր արտադրողները միավորվեն և համատեղ ուժերով սկսեն ակցիաներ

Արտադրող ընկերությունները դժգոհում են նաև Սամվել Ալեքսանյանին պատկանող արտադրանքի իրացման առումով անհավասար մրցակցության պայմաններից

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի» խանութների ցանցի՝ Նոր Նորք համայնքում մեգամոլի բացման կապակցությամբ ընկերությունը որոշել է նորամուծություն անել:

Ալեքսանյանը հայտարարել է, որ վաճառքի 25-30 % -ից և սուպերմարկետում տեղի գումարից բացի, պետք է այլ բոնուսների տեսքով աշխատողների աշխատավարձերը ևս գանձեն: Խնդիրն այն է, որ նախատեսվում է մեգամոլի մթերային և այլ բաժիններում աշխատող չունենալ:

Փոխարենը, ամեն ընկերություն պետք է իր մի քանի ներկայացուցիչն ունենա խանութում, որոնք պետք է հերթափոխով աշխատեն: Հակառակ դեպքում ընկերությունները չեն կարող աշխատել մոլի հետ:

Այլ կերպ ասած՝ խանութի տնօրինությունը տեղեկացրել է արտադրողներին, որ այլևս չեն պատրաստվում իրենց գրպանից վճարել աշխատողների աշխատավարձը, ուստի որոշել են ընկերությունների հաշվին այդ հարցը լուծել

Մեզ հասած տեղեկությունների համաձայն, հարցին ընթացք տալու համար մի շարք ընկերություններ, այդ թվում՝ «Աթենք» ընկերությունը, այս մասին տեղեկացրել են ՏՄՊՊՀ հանձնաժողովին:

Ըստ էության, արտադրողները գտնում են, որ սա անբարեխիղճ մրցակցության վառ օրինակ է, որը կարող է վատ ավանդույթի վերածվել:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, արտադրող ընկերությունները դժգոհում են նաև Սամվել Ալեքսանյանին պատկանող արտադրանքի իրացման առումով անհավասար մրցակցության պայմաններից:

Մեր տեղեկություններով, չի բացառվում, որ առաջիկայում բոլոր արտադրողները միավորվեն և համատեղ ուժերով սկսեն ակցիաներ, այդ թվում՝ գործադուլ անցկացնել, մինչև անհարկի տոկոսներ գանձելու և սուպերմարկետների ցանցերի կողմից իրականացվող այլ «նորամուծությունների» հարցերը, ինչպես նաև հարկային դաշտի առումով առկա խնդիրներն իրենց օրինական կարգավորումները չստանան»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում