Արցախի հարցում հայ ժողովուրդն ունի կոնսենսուս՝ տարածքներ հանձնելը ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ է բերելու. Արա Պապյան

Ռուսաստանի համար շատ ավելի կարևոր են Ադրբեջանի, քան Հայաստանի հետ հարաբերությունները

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ խոսել է մի շարք հարցերից:

Պապյանի կարծիքով՝ ԵԱՏՄ-ն քաղաքակրթական, ավելին՝ Ռուսաստանի կողմից իբրև քաղաքական ընկալվող ծրագիր է, թեև կոչվում է տնտեսական. «Սա փորձ է նախկին խորհրդային երկրները ռուսական տեսադաշտում պահելու: Միասնական արժույթի անցնելու հեռանկարը ոչ միայն ինքնիշխանության զգալի կորուստ է, այլև մենք էապես կախված ենք լինելու այլ արժույթից, հավանաբար՝ ռուբլուց»:

Ըստ փորձագետի՝ դաշնակցի դեմ զենք չեն վաճառում, բայց Ռուսաստանի համար այսօր շատ ավելի կարևոր են Ադրբեջանի, քան Հայաստանի հետ հարաբերությունները. «Ռուսական կողմը, ինչպես ժամանակին Չուբայսն էր ասում, գազը և նավթը դիտարկում է իբրև զենք, գործիք՝ միջպետական հարաբերություններում: Սպառողին հասնող գազը Հայաստանում ոչ միայն ԱՊՀ բոլոր երկրներում ամենաթանկն է, այլև կալորիականությունը հաշվի առնելով՝ աշխարհում ամենաթանկերից մեկը»:

Պապյանը կարևորել է Ռոհանիի դիտարկումները «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի և իրանական գազի՝ Հայաստանով դեպի Վրաստան տարանցման հնարավորության մասին. «Տարանցիկ երկիրը լինելը ոչ միայն որոշակի գումար է, այլև վաղը ավելի լուրջ առևտուր անելու հնարավորություն է և այլընտրանքային գազամուղ»:

Արա Պապյանի կարծիքով՝ ԱՄՆ-ն աչք է փակում հայ-իրանական հարաբերությունների զարգացման վրա, քանի որ Հայաստանում Իրանի ազդեցության ուժեղացումը դիտարկում է իբրև հակակշիռ ռուսական ազդեցությանը. «ԱՄՆ-ի շահը պահանջում է հնարավորինս թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում: ԱՄՆ-ի համար Հայաստանի ինքնիշխանության հզորացումը ռուսական ազդեցության թուլացումն է»: