Թրամփը հայտարարել է «լավ հաղթանակի» մասին՝ կապված ԵՄ-ի հարցով ԱՀԿ-ի որոշման հետ

Տուրքերի մասին որոշումն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 18-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է «լավ հաղթանակի» մասին այն բանից հետո, երբ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը ԵՄ-ի ապրանքների վրա տարեկան 7,5 մլրդ դոլարի տուրքեր սահմանելու կանաչ լույս է տվել Վաշինգտոնին։ Դա արվել է որպես պատիժ՝ ինքնաթիռներին տրվող անօրինական սուբսիդիաների համար։

ԱՄՆ-ը հայտարարել է եվրոպական արտադրության Airbus ինքնաթիռների վրա 10 տոկոսանոց, ինչպես նաեւ ֆրանսիական գինիների, շոտլանդական եւ իռլանդական վիսկիների, եվրոպական պանրի վրա 25 տոկոսանոց տուրքերի առաջիկա սահմանման մասին՝ որպես պատիժ այն բանի, որ ԵՄ-ն «անօրինական» սուբսիդիաներ է հատկացրել ավիաարտադրողին։

Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ ԱՀԿ-ն վաղեմի բանակցությունների ընթացքում Վաշինգտոնին թույլ է տվել տարեկան 7,5 մլրդ դոլարի տուրքեր սահմանել ԵՄ ապրանքների վրա, նշում է «Ամերիկայի ձայնը»։

ԱՄՆ առեւտրային ներկայացուցչի կողմից կազմված ԵՄ այն ապրանքների ցուցակում, որոնց վրա տուրքեր են սահմանվել, ներառվել է Airbus-ը, որն արտադրվում է Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում եւ Իսպանիայում։

Տուրքերի մասին որոշումն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 18-ին։

Ընդ որում, տուրքեր չեն սահմանվի ինքնաթիռի մասերի վրա, որոնք օգտագործվում են Ալաբամայում հավաքման արտադրությունում եւ Airbus-ի մրցակից Boeing-ի կողմից։ Դա թույլ կտա պահպանել աշխատատեղերը ԱՄՆ-ի արտադրական ոլորտում։