Ինչպես են «ճամփու դնում» Հայաստանի հավաքականին․ Մխիթարյանի ուղերձի անհրաժեշտությունը

Ֆուտբոլն առաջին հերթին թիմային խաղ է, որտեղ մեծ դեր է խաղում տակտիկական պայքարը

Երեկ հայտնի դարձավ, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի հոկտեմբերի 12-ին և 15-ին կայանալիք 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հետ հանդիպումներին: Մեր կիսապաշտպանը աճուկի վնասվածք է ստացել և ապաքինվելու համար կպահանջվի երեք շաբաթ: Այս առթիվ երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն էր տարածել․ «Սեպտեմբերի 29-ին՝ Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրի «Լեչե»-«Ռոմա» հանդիպման 87-րդ րոպեին, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել և լքել խաղադաշտը։ Մխիթարյանն Հռոմում բուժզննման է ենթարկվել, որի արդյունքում մեր ավագի մոտ ախտորոշվել է ազդրի երկար արբերիչ մկանի մասնակի վնասվածք։ Հռոմեական ակումբի՝ ՀՖՖ ուղարկած պաշտոնական նամակի համաձայն՝ Հենրիխ Մխիթարյանը, հավանաբար, բաց կթողնի 3 շաբաթ։ Այսպիսով, Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի դեմ խաղերին, իսկ վերականգման ավելի հստակ ժամկետները պարզ կլինեն կրկնակի հետազոտությունից հետո»:

Ինչ խոսք Մխիթարյանի բացակայությունը նման պատասխանատու հանդիպումներում մեծ կորուստ է Հայաստանի ազգային հավաքականի համար: Փաստ է, որ սեպտեմբերի 8-ին Երևանում Բոսնիայի հավաքականին հաղթեցինք հենց Մխիթարյանի փայլուն խաղի շնորհիվ: Ու այսօր շատերը շտապում են պնդել, որ առանց Մխիթարյանի Հայաստանի հավաքականը չի կարողանա 6 միավոր վաստակել առաջիկա երկու հանդիպումներում: Այս կերպ մեր հայրենակիցներից շատերը կամա թե ակամա ժամանակից շուտ պայքարից դուրս են մղում մեր հավաքականին, որը տևական դադարից հետ միացել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի պայքարին: Կրկին անգամ նշենք, որ Լիխտենշտեյնին և Ֆինլանդիային հաղթելու դեպքում մեր հավաքականը ամենայն հավանականությամբ ընտրական մրցաշարի ավարտից 2 տուր առաջ ենթախմբում կհանգրվանի երկրորդ հորիզոնականում: Ու փոխարենը ամեն գնով փորձենք հաղթանակի տրամադրել մեր ֆուտբոլիստներին, սոցիալական կայքերում և այլ հարթություններում խոսվում է ամեն ինչ վերջացած լինելու մասին: Յուրաքանչյուր խաղին գլխավոր մարզչի կողմից ազգային հավաքական է հրավիրվում մոտ 25 ֆուտբոլիստ, որոնցից 11-ը դառնալով մեկ բռունցք դուրս է գալիս պայքարի: Ընթացիկ ընտրական փուլում Հայաստանի հավաքականն արդեն խփել է 12 գնդակ, որոնցից միայն 3-ն է հեղինակել  Հենրիխ Մխիթարյանը:

Վերջին հանդիպումներում մեր հավաքականի կազմում բացի Մխիթարյանից տպավորիչ խաղով աչքի են ընկել Ալեքսանդր Կարապետյանը, Գևորգ Ղազարյանը, Հովհաննես Համբարձումյանը, Տիգրան Բարսեղյանը, Կամո Հովհաննիսյանը և էլի մի շարք ֆուտբոլիստներ: Այսինքն ներկայիս հանգրվանին հասել ենք մեկ տասնյակից ավելի ֆուտբոլիստների և վերջապես գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի շնորհիվ: Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարից մեր հավաքականին այսօր «ճամփու դնողները» ուղղակիորեն անարգում են բոլոր այն մարդկանց, որոնց ջանքերով վաստակել ենք 9 միավոր: Հավաքականին «ճամփու դնողները» ակամայից հոգեբանական ճնշում են գործադրում այն ֆուտբոլիստների նկատմամբ որոնք խաղադաշտ են դուրս գալու առաջիկա մրցավեճերում: Որպես Հայաստանի ազգային հավաքականի ավագ կարծում ենք Մխիթարյանը պարտավոր է կարևորագույն հանդիպումներից առաջ ուղերձով դիմել ոչ միայն իր խաղընկերներին, այլև երկրպագուներին: Ցավալի կորուստը պետք է ոչ թե հիասթափեցնի և ըկնճի, այլև էլ ավելի մոտիվացնի և համախմբի բոլոր նրանց, ովքեր ազգային հավաքականում են կամ ազգային թիմի կողքին: Ամենայն պատասխանատվությամբ կարող ենք պնդել, որ Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հետ հանդիպումներում մերոնք ի զորում են 6 միավոր վաստակել:

Ֆուտբոլն առաջին հերթին թիմային խաղ է, որտեղ մեծ դեր է խաղում տակտիկական պայքարը: Հունաստանի և Բոսնիայի հավաքականների հետ հանդիպումներում Հայաստանի հավաքականի հիմքում ճիշտ մարտավարությունն էր: Այո, Գյուլբուդաղյանցի համար բարդ խնդիր է առաջ եկել, բայց այն միանգամայն լուծելի է: Ստեղծված իրավիճակում կարևոր է նաև մեր փորձառու խաղացողների դերը, որոնք տարիներ շարունակ կրելով ազգային թիմի մարզաշապիկը՝ կարծում ենք պատրաստ են իրենց վրա վերցնելով խաղը առաջ մղել մյուս ֆուտբոլիստներին: Տարիներ առաջ, երբ վնասվածքի պատճառով ազգային թիմին չէր միանում Ռոման Բերեզովսկին, որը հավաքականի ավագն ու առաջատարն էր, շատերը կրկին ժամանակից շուտ պարտության էին դատապարտում մերոնց: Քիչ չեն հանդիպումները, սակայն, մերոնք հաղթել են նաև առանց Բերեզովսկիի:

Նշենք նաև, որ հոկտեմբերի 12-ին և 15-ին մենք մրցելու ենք կիսապրոֆեսիոնալ և միջին մակարդակի հավաքականների հետ, որոնցից վախենալը ոչ այլ ինչ է՝ քան թուլամորթություն: Ազգային հավաքականում առաջացած խնդիրների լուծման հնարավոր տարբերակներին կանդրադառնանք ավելի ուշ, գրում է 1in.am