Միջնորդների թափանցիկ դիտողությունը՝ Փաշինյանին ու Ալիևին

Համանախագահները հայտնել են, որ մտադիր են մոտ ապագայում այցելել տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Համանախագահները նշել են ամառային ժամանակահատվածում բռնությունները նվազագույնի հասցնելու կողմերի ջանքերի դրական հետևանքները, ներառյալ առկա ուղիղ հաղորդակցական կապերը օգտագործելը, և խոր ափսոսանք են հայտնել վերջին մահվան դեպքի կապակցությամբ»: 
Համանախագահներն ու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, ըստ այս հայտարարության՝ շարունակել են քննարկումները լարվածությունը թուլացնելու և խաղաղության համար նպաստող մթնոլորտի պահպանման և էական բանակցություններին նպաստող հավելյալ միջոցառումների շուրջ:

Այնուհետև վերահաստատելով մարտի 9-ի իրենց հայտարարությունը՝ համանախագահները կողմերին կոչ են նվազագույնի հասցնել այնպիսի հռետորաբանության օգտագործումը, որը հրահրիչ է կամ նախապաշարումային՝ բանակցությունների արդյունքի համար:

Համանախագահները հայտնել են, որ մտադիր են մոտ ապագայում այցելել տարածաշրջան:

Առանց կողմերից մեկին նշելու՝ միջնորդները, ըստ էության, կոչ են արել զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են վնասել բանակցային գործընթացին:
Ըստ ամենայնի, միջնորդները նկատի ունեն, Փաշինյանի ստեփանակերտյան ելույթի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը և դրանից հետո Ադրբեջանի իշխանությունների կողմից ամենաբարձր մակարդակով այդ հայտարարության արձագանքները:

Թե ինչ ընթացք կստանան բանակցությունները Փաշինյանի ելույթից հետո՝ ցույց կտա ժամանակը: Բայց արդեն իսկ կարող ենք արձանագրել, որ պաշտոնական Բաքուն անցել է սադրիչ գործողությունների, դիվերսիաների քաղաքականությանը, իսկ դա նշանակում է, որ ամեն պահի կարող ենք ականատես դառնալ լարվածության նոր բռնկմանը շփման գծում, հայ-ադրբեջանական սահմանին:

Թամար Բագրատունի, գրում է hayeli.am