Փաթեթով թեյերը միկրոպլաստիկի հարվածային չափաբաժին են պարունակում

Գիտնականները նաեւ ստուգել են, թե ինչ ազդեցություն կթողնեն միկրոպլաստիկի նման խտությունները կենդանի էակների վրա

Մեկանգամյա օգտագործման թեյի փաթեթները կարող են պլաստիկով աղտոտվածության լուրջ աղբյուր լինել, ասվում է Մաքգիլի համալսարանի կանադացի գիտնականների հոդվածում, որը հրապարակվել է Environmental Science & Technology պարբերականում։

Մասնագետները նշում են, որ թեյի փաթեթներ արտադրողներն ավելի հաճախ թղթի փոխարեն օգտագործում են սինթետիկ նյութեր, որոնք կարող են պլաստիկի մասնիկներ թողնել եռացված ըմպելիքում, տեղեկացնում է «Դեւյատի կանալը»-ը։

Գիտնականները փորձ են կատարել։ Դրա համար հետազոտողները Մոնրեալի խանութներում գնել են փաթեթավորված թեյի չորս տեսակ, մանրակրկտորեն հեռացրել ողջ թուրմը, իսկ հետո հինգ րոպե դատարկ փաթեթները դրել եռման ջրի մեջ։ Հետո ջուրն ուսումնասիրել են մանրադիտակով։

Պարզվել է, որ հինգ րոպեում բաժակի մեջ հայտնվել է միկրոպլաստիկի մոտ 11,6 մլրդ մասնիկ (100 նմ չափով) եւ 3,1 մլրդ նանոպլաստիկի մասնիկ (100 նմ-ից քիչ)։ Աղտոտվածության այս մակարդակը հազար անգամ ավելին է, քան մինչ այդ այլ սննդամթերքների հետազոտության ժամանակ հայտարարվածը։

Գիտնականները նաեւ ստուգել են, թե ինչ ազդեցություն կթողնեն միկրոպլաստիկի նման խտությունները կենդանի էակների վրա։ Որպես փորձանմուշներ վերցրել են մեծ դաֆնիներին (փոքր խեցգետնակերպեր, որոնք հաճախ օգտագործվում են էկոլոգիական փորձերում)։ Խեցգետնիկները ողջ են մնացել, բայց նրանց մոտ բազմաթիվ անատոմիական եւ վարքագծային շեղումներ են առաջացել։

«Մարդու առողջության վրա պլաստիկի մասնիկների վնասակար ազդեցության մասին գիտելիքներ մենք, ինչպես եւ առաջ, չունենք, եւ անհրաժեշտ է հետազոտել պոտենցիալ թունավոր մեխանիզմները ողնաշարավորների եւ մարդկանց մոտ»,- գրում են հետազոտության հեղինակները։ Հետագա աշխատանքներն այս ոլորտում պետք է կարեւոր նշանակություն ունենա սննդամթերքներում պլաստիկի օգտագործման ռիսկերի գնահատման համար։