«Արմենիա» ԲԿ-ում նորածին է մահացել

«Մայրը հետազոտվում է, որից հետո, երբ ամեն բան պարզ լինի, կհայտնենք այդ մասին»,- ասել է բժիշկը

Սեպտեմբերի 24-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածնի մահացության դեպք է գրանցվել։ ԼՈՒՐԵՐ․com—ի հետ զրույցում «Արմենիա» ԲԿ-ի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանն ասաց, որ երեխան մեռելածին է եղել։

«Երեխան մահացած է ծնվել։ Մայրը հետազոտվում է, որից հետո, երբ ամեն բան պարզ լինի, կհայտնենք այդ մասին»,- նշեց ԲԿ-ի տնօրենը։

Նա նշեց՝ ծնունդ ընդունող բժիշկն ինքը չի եղել։ Ապա ավելացրեց, որ յուրաքանչյուր օր մեռելածնության բազմաթիվ դեպքեր են լինում․ «Օրը գիտե՞ք քանի մեռալածնության դեպք է լինում։ Բայց պետք է պատճառը իմացվի, նոր տեղեկատվություն տրվի»,- նշեց նա։

Նշենք, որ մեռելածին երեխայի մայրը Կոտայքի մարզի բնակչուհի է, 33-ամյա, 2 երեխաների մայր։ Երեխան տղա է եղել, հարազատների խոսքով՝ իրենց համար անհասկանալի է, թե ինչու է մահացել երեխան, նրանք հույս ունեն, որ քննություն կտարվի, և մեղավորները կպատժվեն։