Դանակահարություն «Ավան նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲ ընկերության մոտ

48-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

 

Այսօր՝ օգոստոսի 28-ին, ժամը 09։55-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք՝ ներքին արյունահոսությամբ» իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Լաչինյանի գլխավորությամբ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներիյն հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարված մասին բացատրություն տալ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 48-ամյա Աղասի Գասպարյանն է, ով դանակահարվել է անհայտ անձի կողմից «Ավան վարչական շրջանի նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ ընկերության մոտ։

Փաստի առթիվ Վ. Լաչինյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի ավագ քննիչ Էդգար Դանիելյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Գասպարյանը նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված, այդ թվում՝ թմրանյութերի հետ առնչություն ունենալու մասով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով, գրում է  shamshyan.com