Բանկային քարտերից գումար գողանալու նոր մեթոդ

Փորձագետները հիշեցնում են. եթե նմանատիպ զանգ եք ստացել՝ ինքներդ հետ զանգահարեք բանկ և միայն ձեր քարտի վրա գրված հեռախոսահամարով

Ավազակները  գտել են բանկային քարտերի գումարներին հասնելու նոր եղանակ, և դրա համար նրանց պետք չեն նույնիսկ անձնական տվյալներ:

Ըստ ավանդույթի, ամեն ինչ սկսվում է հեռախոսազանգից: Կեղծ «բանկի աշխատակիցը» հայտնում է կասկածելի գործարքների պատճառով քարտի արգելափակման  մասին: Որպեսզի կասկածներ չառաջանան, նա չի նշում անձնական տվյալները` քարտի հետևի մասում գրված ծածկագիրը կամ ստուգիչ համարները: Փոխարենը, նա առաջարկում է ստուգել այն սարքերի ցանկը, որոնք ունեն  ձեր անձնական հաշվի մուտքի հնարավորություն: Խնդիրն է՝ պարզել, թե ինչպիսի հեռախոս ունեք և ինչ օպերացիոն համակարգ ունի այն:

Այնուհետև ձեզ առաջարկվում է տեղադրել հեռակառավարման հատուկ ծրագիր, իբր, քարտի հետ առաջացած խնդիրները լուծելու համար: Իսկ փաստացի, խաբեբան հնարավորություն է ստանում հեռակա կարգով վերահսկել ձեր հեռախոսը և դրա հետ միասին ձեր գումարը: Ըստ էության, օգտատերերն իրենք են բացում իրենց ինտերնետային բանկային հաշիվը անծանոթի համար: Այս դեպքում հակերության ապացուցումը գործնականում անհնար է:

Փորձագետները հիշեցնում են. եթե նմանատիպ զանգ եք ստացել՝ ինքներդ հետ զանգահարեք բանկ և միայն ձեր քարտի վրա գրված հեռախոսահամարով:

 

Աղբյուր` Փաստինֆո