Ռոնալդուին նորից կարող են դատի տալ

Հարավկորեացի որոշ երկրպագուներ դժգոհ են մնացել այն հանգամանքից, որ պորտուգալացին դուրս չի եկել խաղադաշտ K-League-ի բոլոր աստղերի հետ ընկերական հանդիպման ժամանակ

Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հայտնվել է հերթական անախորժ պատմության մեջ: Սակայն այս անգամ նա բացարձակ մեղավոր չէ: Մեղքն իր վրա պետք է վերցնի Թուրինի «Յուվենտուսը»:

Հարավկորեացի որոշ երկրպագուներ դժգոհ են մնացել այն հանգամանքից, որ պորտուգալացին դուրս չի եկել խաղադաշտ K-League-ի բոլոր աստղերի հետ ընկերական հանդիպման ժամանակ: Ֆաները դիմել են անգամ իրավաբանական ընկերություն՝ ֆուտբոլիստին դատի տալու համար: Նրանք պահանջում են 50 միլիոն եվրո փոխհատուցում Ռոնալդուին խաղադաշտում չտեսնելու դիմաց:

Խնդիրը նրանում է, որ ըստ կողմերի նախնական համաձայնության՝ Ռոնալդուն պետք է խաղադաշտում անցկացներ առնվազն 45 րոպե, սակայն այդպես էլ մնաց պահեստայինների նստարանին: Հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով, իսկ Կորեայի առաջնության ղեկավարությունը ստիպված եղավ պաշտոնապես ներողություն խնդրել երկրպագուներից Ռոնալդուի հետ կապված իրավիճակի համար: