Քոչարյանը գծել է իշխանափոխության ճանապարհային քարտեզը

Հեղափոխությունից մեկ տարի անց իշխանությանը թեժ աշնան ձեռնոցը նետված է

Հեղափոխությունից մեկ տարի անց իշխանությանը թեժ աշնան ձեռնոցը նետված է: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերահաստատում է ընդդիմադիր բեւեռ ձեւավորելու իր հայտը: Կալանավայրից նա պատասխանել է «Գոլոս Արմենիի» հարցերին ու ուշագրավ ուղերձ հղել ինչպես իշխանությանն ուղղված, այնպես էլ ընդդիմադիր դաշտին: Ակնհայտն է, որ նա կազմել է իշխանությունը վերցնելու ճանապարհային քարտեզը եւ շուտով անցնելու է գործնական քայլերի:

«Կարծում եմ` «կոնսենսուս մինուս մեկ»-ը, որպես գաղափար, արդեն ձևավորվել է քաղաքական դաշտում: Բոլորը տեսնում են, որ պետական ապարատը ծառայում է ոչ թե երկրի զարգացման ծրագրերին, այլ մեկ մարդու բնազդներին ու քմահաճույքներին, որ բխում են նրա` ծայրահեղ պարզունակ աշխարհայացքից: Իշխանությունների պարզունակության և ֆունկցիոնալ իմպոտենցիայի մասին այսօր խոսում են բոլորը: Այսինքն` ընդդիմության դաշտում համախմբման համար բարեբեր հող կա»,- ասում է երկրորդ նախագահը: Նա իր քաղաքական հայտը ևս բացատրում է իշխանությունների սայթաքումներով, արձանագրում՝ իշխանությունները ադեկվատ չեն գնահատում երկրի առջև ծառացած հիմնախնդիրները.«Չորս հարևանից երկուսի հետ խնդրահարույց հարաբերությունները հնարավորություն չեն տալիս դառնալու տարածաշրջանային լիբերալ հարթակ տարատեսակ ծառայությունների լայն սպեկտրի համար: Մենք չունենք զգալի բնական պաշարներ, որոնք կհետաքրքեն խոշոր վերազգային կորպորացիաների: Մեր տարածքը մեծ չէ, և նոր հաղորդակցուղիները հեշտությամբ կարող են շրջանցել մեզ: Առկա տրանսպորտային խնդիրներն ազդում են արտադրանքի ինքնարժեքի վրա և մեծապես նեղացնում արդյունաբերական զարգացման հնարավոր սեգմենտները: ԽՍՀՄ-ից ժառանգված` տեխնիկապես գրագետ մարդկային կապիտալը, որն անհրաժեշտ է գիտելիքահեն արդյունաբերության զարգացման համար, անվերադարձ մսխվել է: Սփյուռքի մասնակցությունը Հայաստանի տնտեսական զարգացմանը կրճատման նկատելի միտում ունի: Սփյուռքը ձուլվում է բնակության երկրներում ինչպես երկրորդ և երրորդ սերունդների օբյեկտիվ շարժառիթների, այնպես էլ գլոբալացման ճնշման տակ ազգային գաղափարի էրոզիայի պատճառով: Նույն պատճառներով թուլանում են հայկական համայնքների ինքնակազմակերպման ավանդական ինստիտուտները: Ավելացրեք դրանց Ղարաբաղյան հակամարտության հիմնախնդիրը:Սա երկրի առջև ծառացած մարտահրավերների` դեռևս ոչ ամբողջական ցուցակն է»:

Երկրորդ նախագահն ասում է, որ այս խնդիրները հնարավոր չէ լուծել` հենվելով պոպուլիզմի և կարգախոսային դատարկաբանության վրա: Դրանց հաղթահարման համար հարկավոր են գերջանքեր, գերկազմակերպվածություն ու գերկոմպետենտություն: Մինչդեռ այսօր, ըստ Քոչարյանի՝ ոչ մի նախանշան չկա, որ իշխանությունն ադեկվատ կերպով հասկանում է երկրի առջև ծառացած խնդիրների ամբողջ բարդությունը: Նա հիշեցնում է նաեւ իր փորձառությունը փորձառությունը ու ակնարկում, որ թե խորհրդարանական ընդդիմությունը, որն այսօր փաստացի կրավորական վարքագիծ է դրսևորում, թե սփյուռքը, թե հասարակությունը պետք է ուժերի ներածին չափով օժանդակեն նոր ձևավորվող քաղաքական ուժին կամ ուժերին, նոր քաղաքական դեմքերին, որոնց ի հայտ գալը բխում է ներկայումս տեղի ունեցող քաղաքական գործընթացների տրամաբանությունից: «Կարծում եմ` իշխանության հարցն ամեն պարագայում կորոշվի փողոցում... արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով: Կառավարման այս որակով ներկայիս իշխանությունը երկար չի դիմանա և վերընտրվելու հեռանկարներ չունի: Ընտրողը լիուլի կուշտ կլինի պոպուլիստներից և ավելի պահանջկոտ կլինի ընտրություն կատարելիս: Սովորաբար, ձախողված պոպուլիստներին փոխարինելու են գալիս փորձառու, կրթված և հավասարակշիռ պրագմատիկները, այդպիսին է քաղաքական գործընթացների տրամաբանությունը: Թարմ օրինակ` Հունաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները»:Նա չի շրջանցում նաեւ իր նկատմամբ քաղաքական հետապնդման թեման.«Այն, ինչ այսօր տեղի է ունենում հայկական արդարադատության հետ դեռ երկար տարիներ երկրի խայտառակություն կհամարվի: Մեկ տարվա հետապնդումների ընթացքում իմ իրավունքների կոպիտ խախտումների թիվը շոկ է առաջացնում նույնիսկ ամեն բան տեսած փաստաբանների մոտ: «Դատական» նիստի ընթացքում մեղադրյալին հրապարակավ զրկել բոլոր իրավունքներից իրենց թույլ չէին տալիս անգամ միջնադարյան «արդարադատության» խավարամիտները: Ներկայումս անօրինականությունը շարունակվում է, տարբեր հնարքներով ինձ հնարավորություն չեն տալիս բողոքարկելու կալանավորման մասին ապօրինի վճիռը: Երկրի դատախազությունը վերածվել է քաղաքական ինկվիզիցիայի: Դժվար է պատկերացնել, որ նման կամայականություններ հնարավոր են էլի ինչ-որ տեղ»:

Ուշագրավ է, որ հարցազրույցի հրապարակման նույն օրը ռուսական որոշ հեռուսաալիքներ ծավալուն անդրադարձ էին կատարել Քոչարյանի գործին, ակնհայտ է դառնում՝ Մոսկվան չի հավատում ՀՀ իշխանությունների արդարադատությանը եւ փաստում, որ Քոչարյանի նկատմամբ ոչ թե արդարադատություն է կիրառվում, այլ վրեժխնդրություն:

Անի Սահակյան, գրում է hayeli.am: