Չեմ պատրաստվում քավության նոխազ դառնալ․ Նազենի Ղարիբյանն՝ իր շուրջ ստեղծված աղմուկի մասին

Ես դուրս եմ եկել, բայց համակարգում խնդիրները մնացել են

Շաբաթներ առաջ դատարանի կողմից անվավեր ճանաչվեց Խորեոգրաֆիայի պետական թատրոնի տնօրեն Գայանե Կարապետյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին ՀՀ մշակույթի նախարարի հրամանը: Սակայն Գայանե Կարապետյանը հայտարարել է, որ այս վճռով չի սահմանափակվելու և պատրաստվում է մշակույթի նախարարի նախկին պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի դեմ մի քանի հայցով դիմել դատարան:

«Ես դուրս եմ եկել, բայց համակարգում խնդիրները մնացել են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպես բացատրեց Նազենի Ղարիբյանը իր անձի շուրջը շարունակվող աղմուկը:

Նրա խոսքով՝ այդ խնդիրների պատճառների համար մեղավոր է պետք գտնել. «Եվ այդ մեղավորը շատ լավ կարող եմ ես լինել, որովհետև ես այլևս իշխանության չեմ, իրենց հին, մաշված, սովետական կարծիքով՝ այլևս «կռիշա» չունեմ, պաշտպանված չեմ, ուստի ես շատ լավ թիրախ եմ, կարող եմ շատ լավ քավության նոխազ ծառայել՝ բոլոր հարվածները և պատճառները բարդելու ինձ վրա: Խորեոգրաֆիայի թատրոնի հետ կապված պատմությունը այդ մտայնության դասական օրինակ է»:

Նազենի Ղարիբյանը, սակայն, ընդգծեց, որ ինքը չի պատրաստվում քավության նոխազ դառնալ. «Եթե հարկ լինի, ապա ես պատրաստ եմ բարձրաձայնել այդ ՊՈԱԿ-ներում տեղի ունեցած բոլոր օրինախախտումների մասին»: