Ռոբերտ Քոչարյանը չէր խուսափի պատասխանատվությունից, չէր փախչի. ԼՂ ԱԺ փոխնախագահ

Վահրամ Բալայանի խոսքերով Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են «Մարտի 1»-ի գործի շրջանակներում բայց վերջնական որոշում չկա, թե ինչում է մեղադրվում, եղած նյութը պետք է տրամադրվի հանրությանը, որ մարդիկ կարողանան ճիշտը սխալից տարբերել

«Մարտի 1»-ի գործով եղած նյութը պետք է տրամադրվի հանրությանը, որ մարդիկ կարողանան ճիշտը սխալից տարբերել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը՝ խոսելով Հայաստանի և Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին:

«Իսկապես, մեկ տարի է քննում են գործը ու անհայտ է, թե ինչու: «Մարտի 1»-ի գործի շրջանակներում է մեղադրվում, բայց վերջնական որոշում չկա, թե ինչում է մեղադրվում: Եղած նյութը պետք է տրամադրվի հանրությանը, որ մարդիկ կարողանան ճիշտը սխալից տարբերել»,- ասաց Վահրամ Բալայանը: 

Արցախի ԱԺ փոխխոսնակն ասաց, որ ցանկալի կլինի, որ «իրական արդարադատություն լինի», գնահատական տրվի՝ մարդը մեղավոր է, թե անմեղ: «Ժամանակն է, որ ճիշտ գնահատական տրվի: Եթե մարդը մեղք չունի, ամիսներ շարունակ ինչո՞ւ պետք է բանտում մնա: Հանրության մեջ կասկած կա արդարադատության նկատմամբ, իշխանության նկատմամբ: Ժամանակն է իրական գնահատականի»,- նշեց Վահրամ Բալայանը:

Նա ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը չէր խուսափի պատասխանատվությունից, չէր «փախչի», ինչի մասին ինքն էլ հավաստիացրեց, ուստի կարող էր դատական գործընթացը շարունակվել նրա ազատության պարագայում:

Ըստ Բալայանի՝ տեղի ունեցածն ազդեց թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի միջազգային իմիջի վրա: «Քոչարյանին կալանավորելը, երկրի առաջին դեմքին բանտ տանելը սովորական բան չէ ու սա չէր կարող չազդել մեր հեղինակության վրա: Ցավով եմ նշում, որ դա այդպես է»,- հավելեց նա: 

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Սահմանադրական կարգի տապալման և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ։