Եկեղեցին խախտեց լռությունը. Փաշինյանի տանուլ տալու պահը

Սեռի ընտրության ազատություն քարոզող որևէ իշխանություն մեր երկրում չի կարող երկար կյանք ունենա

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը դառնում է բաժանարար գիծ՝ իշխանության կորստի կամ ամրապնդման առումով: Անկախ նրանից, թե քաղաքական կյանքում ազատական արժեքներին հետամուտ քաղաքական ինչպիսի ուժեր կան, անկախ նրանից՝ օրվա իշխանությունը հարում է որևէ իզմերի, թե ոչ՝ Հայաստանը եղել և մնում է ավանդական արեժեքների կրող: Հայաստանը երբևէ չի կարող ունենալ այնպիսի ղեկավար, որն ավանդական ազգային մոդելի վրա հիմնված ընտանիքի գաղափարին կհակադրի ստամբուլյան կոնվենցիայով նախանշված՝ երեխան ազատ է ընտրել իր սեռը կործանարար մոտեցումը: 

Հայաստանում հանրային լայն քննարկումներ են ընթանում այդ թեմայով, սկսվել է ստորագրահավաք՝ ընդդեմ ստամբուլյան կոնվենցիայի վավերացման, որին, ի դեպ, միացել են նաև իշխանական որոշ պատգամավորներ: Հայ առաքելական եկեղեցին, որն ավանդաբար չի խառնվում միջպետական փաստաթղթերի վավերացմանը, այս անգամ խախտել է լռության ուխտը և հանդես եկել հայտարարությամբ, որտեղ կոչ է արվում իշխանություններին հրաժարվել կոնվենցիայի վավերացումից.

<<Եկեղեցու բարոյագիտական ուսուցումների հետ անհամատեղելի են այն բանաձևումները և դրանց մեկնաբանությունները, որոնք կենսաբանական երկու սեռից զատ սահմանում են սեռի այլ տարբերակումներ (Կոնվենցիա, 4-րդ հոդվածի 3-րդ մաս, Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի բացատրական զեկույց, Ստամբուլ, 11.05.2011, հոդված 4, կետ 53, հոդված 60, կետ 313): Հիշյալ սահմանումները փաստորեն ճանաչում են անձի՝ անգամ սեփական «սեռը ընտրելու ազատության» իրավունքը: Մարդու իրավունքների և ազատությունների քրիստոնեական ուղղափառ ընկալումը բացառում է մարդու աստվածաստեղծ ինքնության աղճատումը կամ փոփոխությունը:
Հաշվի առնելով «սեռն ընտրելու ազատության» կոնվենցիայի ենթատեքստը՝ լուրջ տարակուսանքների և մեկնաբանությունների տեղիք է տալիս նաև կոնվենցիայի պահանջը մասնակից պետություններից՝ արմատախիլ անելու այն ավանդույթները, որոնք հիմնված են «կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա»` «կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով» (Կոնվենցիա, 12-րդ հոդվածի 1-ին մաս): 
Կոնվենցիան մասնավոր հրահանգ է պարունակում նաև, որպեսզի «պաշտոնական ուսումնական ծրագրերում և կրթական բոլոր մակարդակներում» ներդրվեն ուսումնական նյութեր՝ առնչված նաև «կարծրատիպերից զերծ գենդերային դերերի» գաղափարին (հոդված 14), առանց հստակեցնելու ուսուցման համար տվյալ եզրաբանության բովանդակությունը:

Սեռի նկատմամբ կոնվենցիայի մոտեցումները հակադրության մեջ են նաև ընտանիքի վերաբերյալ Եկեղեցու անփոփոխ վարդապետության հետ, որի վրա խարսխված է ընտանիքի ազգային մեր ընկալումը: Եկեղեցու ուսմունքի համաձայն՝ ընտանիք կարող են կազմել այրը և կինը, որոնք սուրբ պսակով նվիրագործված ամուսնությամբ դառնում են մեկ մարմին և մեկ ամբողջություն, ինչպես ավանդում է Սուրբ Գիրքը (Ծննդ. 2.24, Մարկ. 10.7-8, Եփես. 5.31)>>,- նշվում է եկեղեցու տարածած հաղորդագրության մեջ:
Տղամարդու և կնոջ միությամբ ընտանիքը, ինչպես նշված է հայտարարության մեջ, հաստատված սիրո, փոխադարձ հարգանքի ու հասկացողության վրա, հիմնական երաշխիքներից է ազգի հարատևության, անհատի դաստիարակության ու հոգևոր աճի և պետության պատասխանատու քաղաքացու ձևավորման համար:
Հետևաբար, ընտանիքում բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի միջոցառումները պետք է ելակետ ունենան ընտանիքի սրբության ու նվիրականության բնույթն ու արժեքը:
<<Արդ, նկատի առնելով, որ ազգային-հոգևոր մեր ինքնության և անվտանգության շահերի տեսանկյունից կոնվենցիայում առկա են խիստ մտահոգիչ դրույթներ ու հասկացություններ` հորդորում ենք հայրենի իշխանության պատասխանատու մարմիններին զերծ մնալ փաստաթղթի վավերացումից>>,- ասված է եկեղեցու տարածած հայտարարության մեջ:
Այժմ Նիկոլ Փաշինյանը իսկապես պատասխանատու ընտրության առջև է կանգնած. միջազգային համապատասխան կենտրոնները, որոնց առջև նա հավանաբար որոշ պարտավորություններ է ստանձնել, մի կողմից են ճնշումներ գործադրում, հայ ավանդական հասարակությունը, որին արդեն միացել է նաև եկեղեցին, մյուս կողմից: Եթե կոնվենցիան ուղարկվի Ազգային ժողով, մեծ զանգվածներ են դուրս գալու փողոց, այդ թվում նաև հոգևոր դասը: Փաշինյանը պետք է պատրաստ լինի նման զարգացման և շատ լավ հասկանա, որ սեռի ընտրության ազատություն քարոզող որևէ իշխանություն մեր երկրում չի կարող երկար կյանք ունենալ: Հայկ Դավթյան, hayeli.am