Հանրայինը հիմա էլ Նիկոլի ու Պետրոսի դուքանն է

Ինչ է սա, եթե ոչ բռնապետության քարոզչամեքենա

Հետհեղափոխական Հայաստանի հանրային կյանքը դիտարժան փուլ է թևակոխում: Ամեն ինչ ստացվում է ավելի վատ, քան պետք էր կամ կարող էր լինել: Մասնավորապես Հանրային հեռուստաընկերության բովանդակությունը կարող էր սկզբունքորեն գոնե մի քիչ թոթափել նախկինից ժառանգած բևեռացվածությունը և վերջապես դառնալ հանրային կյանքի կարևոր իրադարձություններն ու հանրության բոլոր շերտերի տեսակետն արտացոլող լրատվամիջոց: 

100 տոկոսով հարկատուներիս հաշվին այս լրատվամիջոցը, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր շարունակում է մնալ գործադիր իշխանության կցորդ. միակ բանը, որ փոխվել է, առաջնորդի անուն-ազգանունն ու դեմքն է՝ Սերժ Սարգսյանի դժգոհ դեմքի փոխարեն՝ մենք այսօր Հանրայինի լրատվական թողարկումների 70 և ավել տոկոս նյութերում տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի թրաշը: Հանրային հեռուստաընկերության գլխավոր գործառույթներից մեկը, անշուշտ, իշխանության գործունեության լուսաբանումն է: Բայց իշխանությունը միայն կառավարությունը չէ, խնդիրը նրանում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը կազմված է երեք հավասարազոր թևերից՝ գործադիր, օրենսդիր և դատական իշխանություն: Հետևաբար հանրային կոչվող հեռուստաընկերությունը պարտավոր է երեք իշխանության երեք թևերի գործունեությունը լուսաբանել հավասարաչափ: 
Բայց Հանրայինը լուսաբանում է կա՛մ Նիկոլ Փաշինյանի ու նրա տիկնոջ այցերը, կա՛մ էլ Փաշինյանի՝ այլ լրատվամիջոցներին տված հարցազրույցները՝ դրանք մաս-մաս կամ ամբողջական վերաթողարկելով սեփական եթերում: Իսկ, օրինակ, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հարցազրույցին, որտեղ նա ներկայացնում էր Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված հանրային լարվածության հետ կապված մասնագիտական կարևոր պարզաբանումներ, Հանրայինն ընդհանրապես չանդրադարձավ:
Նիոկոլ Փաշինյանի՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցից հետո, որտեղ նա քաղաքական ծայրահեղ գնահատականներ հնչեցրեց դատական համակարգի և մասնավորապես Սահմանադրական դատարանի և նրա նախագահի հասցեին, և որը Հանրայինի եթերում լայնորեն թմբկահարվեց, մասնագիտական պարտադիր պահանջ էր՝ ներկայացնել նաև երկրորդ կողմի, այսինքն՝ ՍԴ-ի դիրքորոշումը: Հանրային հեռուստաընկերության եթերում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հարցազրույցի մասին անգամ հիշատակում չեղավ, իսկ այդ հարցազրույցում, ՍԴ-ի նախագահը մասնագիտական պարզաբանումներով հակադարձեց վարչապետի կողմից ՍԴ-ի և իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին:Բայց դրանք Հանրայինի հեռուստադիտողին չփոխանցվեց:

Ստացվում է, որ Հանրային հեռուստաընկերությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հանրայինի լրատվական ծառայության ղեկավար Պետրոս Ղազարյանի հոր դուքանն է՝ ում ուզում են, եթեր են տրամադրում, ում հետ չեն ուզում կամ էլ ում հետ խնդիր ունեն, չեն տրամադրում: Նիկոլն ու Պետրոսը թքած ունեն, որ խոսքը երկրի դատական իշխանության բարձրագույն մարմնի և նրա ղեկավարի մասին է: Նույն ձևով արդեն ամիսներ շարունակ խոսվում է դատավորների վեթինգի մասին, բայց իրենք՝ դատավորները, գոնե Հանրայինի եթերում հնարավորություն չեն ստացել՝ ներկայացնել իրենց մոտեցումը այս հարցերի մասին: Երկրի վարչապետը դատավորների մասին խոսելիս օգտագործում է վնգստալ արտահայտությունը, իսկ որևէ դատավոր այդ առնչությամբ անգամ գնահատական չի հնչեցնում:
Երկրի վարչապետը Սահմանադրական դատարանի նախագահին մեղադրում է ՍԴ-ն՝ որպես բուդկա, սեփականաշնորհելու մեջ, իսկ ՍԴ նախագահի հակադարձումն ու պարզաբանումը Հ1-ի եթերում տեղ չի գտնում: Ինչ է սա, եթե ոչ բռնապետության քարոզչամեքենա:

Տիգրան Վարդանյան

hayeli.am