Հայաստանում արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերի 60 տոկոսը հայտնաբերվում է ուշ փուլում. փորձագետ

Ամեն տարի հանրապետությունում գրանցվում է արգանդի վզիկի քաղցկեղից մահացության մոտ 100 դեպք

Հայաստանում արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերի 60 տոկոսը հայտնաբերվում է III-IV փուլերում։ Այսպիսի տվյալներ է ներկայացրել օնկոգինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը։

Արգանդի վզիկի քաղցկեղի ուշ փուլերում, մասնավորապես, նկատվում են այնպիսի կլինիկական նշաններ, ինչպիսին են արնահոսությունը, ուժեղ ցավերը, ինչպես նաեւ խիստ տհաճ հոտով արտադրությունը։ Տեր-Մինասյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ խորացված դեպքերում ողջ մնալու հավանական ժամանակը 5-22 ամիսն է։ Բարդությունների թվում, որոնք առաջ են գալիս արգանդի վզիկի քաղցկեղի դեպքում, կախեքսիան (հյուծանք) է, այսինքն՝ օրգանիզմի չափից ավելի հյուծումը, որը բնութագրվում է ընդհանուր թուլությամբ եւ քաշի կտրուկ նվազմամբ։

Փորձագետը նշել է, որ արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման լավագույն մեթոդը «Գարդասիլն» է՝ մարդու պապիլոմա վիրուսի (ՄՊՎ) դեմ պատվաստանյութը։ Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ պատվաստանյութը պաշտպանում է նաեւ քաղցկեղի մյուս տեսակներից, այդ թվում՝ մաշկի եւ կոկորդի քաղցկեղներից։ Հիշեցնենք, որ Հայաստանում կիրառվում է ՄՊՎ-ի դեմ քառավալենտ պատվաստանյութ, եւ 2017-ից մինչեւ 2019-ի առաջին կիսամյակ ժամանակաշրջանում պատվաստվել է ավելի քան 9 հազար մարդ։

Վերջին տասնամյակներում  Հայաստանում նկատվել է արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդացության աճ։ Այսպես՝ եթե 1985 թվականին այս ցուցանիշը 100 հազար կանանց հաշվարկով կազմում էր 9.5, ապա 2017-ին՝ 16.6, իսկ 2018-ին՝ 14.5: 2017 թվականին Հայաստանում գրանցվել է արգանդի վզիկի քաղցկեղի 262 նոր դեպք, իսկ 2018-ին՝ 228։ Արգանդի վզիկի քաղցկեղի հիվանդացության ամենամեծ թիվը բաժին  է ընկնում 44-59 տարեկան կանանց։

Ամեն տարի հանրապետությունում գրանցվում է արգանդի վզիկի քաղցկեղից մահացության մոտ 100 դեպք։