Սուրբ Հովհաննես մատուռի երկնային ուժը

Մարդիկ երեխա են ունեցել, հետո որպես շնորհակալություն՝ խաչքարեր են տեղադրել
live24.am-ը ներկայացնում է

Ուխտդ ի կատար. այս արտահայտությունն է առաջինը լսում Հարթագյուղ մտնող յուրաքանչյուր ուխտավոր, ում գյուղի մանկիկները ճանապարհին դիմավորում են մոմի փոքրիկ տրցակները ձեռքներին ամուր բռնած:

Կարևոր չէ՝ հավատի ինչպիսի՞ պաշարով ես լցվել՝ նախքան Լոռու մարզի այս գյուղ հասնելը, կարևոր չէ՝ ֆիզիկական ի՞նչ կարգավիճակում ես գտնվում՝ անմատչելի թվացող բարձունքը հաղթահարելու համար. հենց մտնում ես Հարթագյուղ՝ ինքնըստինքյան համակվում ես համընդհանուր զգացումներով՝ պատրաստակամությամբ, բարությամբ, թեթևությամբ, ուրախությամբ ու հավատքով: Այստեղ քեզ կուղեկցեն, կբացատրեն, կօգնեն ու մասնակից կդարձնեն ընդհանուր ուխտագնացության ծեսին՝ թե տեղացիները, թե ծանոթ-անծանոթից սրբավայրի մասին տեղեկացած ու այստեղ շտապող ուխտավորները: Վերջ. դու արդեն մեծ ուխտագնացության մի մասնիկն ես՝ պատրաստ հաղթահարելու դժվարությունները, նպատակդ Աստծուն հասցնելու ու էլ ավելի մեծ հավատով, սիրով համակվելու այս ուշագրավ գործընթացում:

Գյուղում փաստում են՝ ուխտավորների՝ նախկինում սակավ շարքերն օրեցօր խտանում են. հոսքը Սուրբ Հովհաննես մատուռ աշխուժացել է, անգամ գյուղի լանջին այդ նպատակով ստեղծված կայանատեղին է սկսել քչություն անել՝ ավտոմեքենաներից ու զբոսաշրջիկներին բերող ավտոբուսներից:

Հարթագյուղը տեղակայված է Լոռու մարզում: Գյուղը նախկինում Ղալթախչի անվան տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում, հետո նաև Լենինականի գավառում։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1730 մետր է, հեռավորությունը մարզկենտրոն Վանաձորից՝ 45 կմ։ Գյումրիից և Սպիտակից հեռավորությունը՝ 25 կմ է։

Հարթագյուղը, որպես հնագույն բնակավայր, գոյություն ունի վաղնջական ժամանակներից։ Այդ մասին են վկայում գյուղի տարածքում հայտնաբերված հնագույն ամրոցատեղին ու դամբարանադաշտը` մ․թ․ ա. 4-1 հազարամյակի։ Գյուղի տարածքում է Խոյի՝ հսկայական քարե կերտվածքը, գյուղից 5 կիլոմետր հարավ գտնվում են «Բագեր» հնագույն բնակատեղին, «Խարաբեք» միջնադարյան բնակատեղին և «Ցից քարեր» մեգալիթյան համակարգը, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արագած լեռը։

Գյուղում 1828թ-ին հաստատվել են Բասենից, Մուշից, Էրզրումից և Ալաշկերտից գաղթած արևմտահայերը։ Հետագայում այն համալրվել է նաև վանեցիներով և կարսեցիներով։ Բնակիչների զբաղմունքն իր արտահայտությունն է գտել գյուղի թուրքերեն անվան մեջ՝ «Ղալթախչի», որը նշանակում է թամբագործ։ Այժմ բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ ու այգեգործությամբ։

Գյուղից 1 կմ արևելք՝ Փամբակի լեռնաշղթայի անմատչելի բարձունքներից մեկի վրա է գտնվում Սուրբ Հովհաննես մատուռը, այն Հարթագյուղի հայտնի սրբատեղին է։ 13-րդ դարի կեսին հայ եւ եզդի զորավարների նախաձեռնությամբ Սուրբ Հովհաննեսի աճյունը տեղափոխվել է Հայաստան, որից հետո էլ կառուցվել է մատուռը:

«Երբ Սուրբ Հովհաննեսի աճյունը տեղափոխել են Հայաստան, երազ են տեսել, որ պետք է այստեղ մասունք թաղեն: Հետո բերել են մասունքն այստեղ թաղել: Իրենք այս փոքր խաչն են կառուցել: Հետո իմ քեռին՝ Գեւորգ Ոսկանյանը, այդ խաչի տարածքում 1958 թվականին կառուցել է այս մատուռը»,- պատմում է Սուրբ Հովհաննես մատուռում ծառայող Վելիսոն Սիմոնյանն ու նշում, որ Սուրբ Հովհաննեսն իրեն երազ է եկել, ասել, որ հենց ինքը պետք է մատուռը պահի:

Արդեն 27 տարի է, ինչ Վելիսոնն այստեղ ծառայում է: «Քեռիս էր այստեղ ծառայում: Ինքը որ մահացավ, Սուրբ Հովհաննեսն ինձ 6 անգամ երազ եկավ, որ ես պետք է գամ այստեղ: Բայց ես չէի գալիս: Յոթերորդ անգամ, որ երազ եկավ, ասաց՝ եթե չեկար իմ օջախին տիրություն անես, ուրեմն քեզ վտանգ կպատահի: Դրանից հետո ես եկա այստեղ՝ ծառայելու»:

Վելիսոնն ասում է, որ դեպի մատուռ մարդկանց հոսքը չի դադարում. գալիս են տարբեր մարզերից ու համայնքներից: Վստահեցնում է՝ եթե հավատքով են գալիս, բոլոր երազանքներն ու ցանկություններն անպայման իրականություն են դառնում:

«Պետք է մաքուր սրտով գաս: Մարդիկ այս սրբին շատ են հավատում: Իրենց նպատակներն ու երազանքները կատարվել են: Հավատքով գալիս ես, նպատակդ ստանում՝ գնում ես»,-ասում է նա:

2157 մետր բարձրության վրա գտնվող Սուրբ Հովհաննես մատուռի տարածքում 2005 թվականից խաչքարեր են տեղադրվում, որոնք հատուկ նշանակություն ունեն. ամեն մեկը մի կատարված խնդրանք-նպատակի մասին է փաստում:

«Առաջին խաչքարը Գագիկ Ծառուկյանն է տեղադրել, այստեղ խաչքար կա նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից: Խաչքարերի 80 տոկոսից ավելին տեղադրվել են այն ընտանիքների կողմից, ովքեր երեխաներ չէին ունենում, սակայն մատուռ գալուց հետո մարդիկ երեխա են ունեցել, հետո եկել են ու, որպես շնորհակալություն, խաչքար տեղադրել»,-պատմում է Վելիսոն Սիմոնյանը:

Այժմ մատուռի տարածքում 322 խաչքար է տեղադրված, ևս 30 խաչքար էլ սպասում էին, որ տեղադրեն: Պրոցեսը շարունակական է. ուխտավորները պարբերաբար ականատեսն են դառնում հերթական խաչքարերի տեղադրմանը:


Սուրբ Հովհաննես

Սուրբ Հովհաննես Մատուռ
Սուրբ Հովհաննես Խաչքար