Մայրը փրկել է որդուն ողջ-ողջ դիակիզումից

Նա արցունքներ է նկատել որդու աչքերում և անհապաղ շտապօգնություն կանչել
Live24.am-ը ներկայացնում է

a

Հնդկաստանի Տելինգանա նահանգի Պիլալամարի գյուղում 18-ամյա երիտասարդը «կենդանացել է» այն բանից հետո, երբ բժիշկները նրան մահացած են ճանաչել: Այս մասին tert.am-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում է Hindustan Times-ը:

Գենդեմ Կիրանը հոսպիտալացվել էր հունիսի 26-ին` ունենալով սրտխառնոց և բարձր ջերմություն: Բժիշկներն ախտորոշել էին ծանր հեպատիտ: Երկու օր անց երիտասարդի ինքնազգացողությունը վատացել էր, և նրան բժիշկների խորհրդով տեղափոխել էին մասնավոր հիվանդանոց: Տղան ընկել էր կոմայի մեջ, իսկ հուլիսի 3-ին բժիշկները բարեկամներին հայտնել էին, որ հիվանդի ուղեղը մահացել է և ապաքինման շանսեր այլևս չկան:

Ծնողները Կիրանին, որը միացված է եղել արհեստական սարքավորմանը, տուն են տարել, որպեսզի նա հարազատ օջախում «վերջին օդը շնչի»: Դիակիզման արարողությանը պատրաստվելիս տղայի մայրն արցունքներ է նկատել որդու աչքերում և անհապաղ շտապօգնություն կանչել: Բժիշկը զննելուց հետո հայտարարել է, որ նրա սիրտը դեռ բաբախում է, և որ ընտանիքի անդամները ճիշտ են վարվել` կենսական սարքավորումը չանջատելով:

Կիրանին կրկին տեղափոխել են հիվանդանոց: Երեք օր անց նա գիտակցության է եկել և նույնիսկ խոսել է: Եվս մի քանի օր անց նրան հիվանդանոցից դուրս են գրել: