Վրաստանի ԱԳ նախարարը ողջունել է պատժամիջոցներ չկիրառելու մասին Պուտինի հայտարարությունը

ԱԳ նախարարի կարծիքով՝ ոչ մի դեպքում պետք չէ տրվել ապակառուցողական ուժերի սադրանքներին, որոնք միտված են երկրի ապակայունացմանը

Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալքալիանին հայտարարել է, որ ճիշտ է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը Թբիլիսիի դեմ պատժամիջոցներ չկիրառելու վերաբերյալ՝ հաղորդում է ria.ru-ն։

ՌԴ Պետդուման հուլիսի 9-ին կայացած լիագումար նիստում ընդունել է մի հայտարարություն, որով առաջարկել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը քննարկել Վրաստանի դեմ հատուկ տնտեսական միջոցների կիրառման իրագործելիությունը և համապատասխան առաջարկներ ներկայացնել ՌԴ նախագահին:

Պուտինը չի համաձայնել տնտեսական պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ, գրում է 1in.am:

«Իհարկե, մենք հետևել ենք բոլոր իրադարձություններին, և պետք է ասել, որ հրահրող հայտարարությունները, որոնք հետագայում հանգեցրել են իրավիճակի վատթարացման՝ անընդունելի էին: Այն ինչ ես լսել եմ Ռուսաստանի նախագահից, անկասկած միակ և ճիշտ որոշումն էր, որը մնում է միայն ողջունել»,- ասել է Զալկալիանին:

ԱԳ նախարարի կարծիքով՝ ոչ մի դեպքում պետք չէ տրվել ապակառուցողական ուժերի սադրանքներին, որոնք միտված են երկրի ապակայունացմանը: