Թրամփը Չինաստանին եւ Եվրոպային մեղադրել է արժութային մանիպուլյացիայի մեջ

Մայիսին ԱՄՆ առեւտրային դեֆիցիտն աճել է՝ հասնելով 5 ամսվա առավելագույնին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանին եւ Եվրոպային մեղադրել է իրենց արժույթի միտումնավոր թուլացման եւ ԱՄՆ-ի նկատմամբ առավելություն ստանալու համար իրենց տնտեսությունների խթանման մեջ:

«Չինաստանն ու Եվրոպան արժութային մանիպուլյացիայով են զբաղված, որպեսզի մրցակցեն ԱՄՆ-ի հետ»,- Twitter-ում գրել է Թրամփը:

Ավելի վաղ ԱՄՆ առեւտրի նախարարությունը հայտնել էր, որ մայիսին ԱՄՆ առեւտրային դեֆիցիտն աճել է՝ հասնելով 5 ամսվա առավելագույնին, մասնակիորեն ավտոմեքենաների ռեկորդային ներմուծման պատճառով, որի վրա Թրամփը սպառնացել էր բարձր մաքսատուրքեր սահմանել:

ԱՄՆ ֆիննախը, սակայն, մայիսին հայտարարել էր, որ Չինաստանը չի մանիպուլացնում իր արժույթը, եւ Եվրոպական կենտրոնական բանկի հեռացող նախագահ Մարիո Դրագին հերքել է Թրամփի նման մեղադրանքներն՝ ասելով, որ ԵԿԲ-ն փոխարժեքը նպատակ չի համարում: