Որոնք են ոտքերի ջղաձգումների հիմնական պատճառները

Ոտքերի մկնների ջղաձգումները բավական հաճախ հանդիպող խնդիր են

Ոտքերի մկանների ջղաձգումները բավական հաճախ հանդիպող խնդիր են: Ընդ որում, նման ջղաձգումներն առավել հաճախ անհանգստացնում են հենց գիշերվա ժամերին, մինչդեռ քչերը գիտեն, թե ինչով է դա պայմանավորված և ինչպես պայքարել դրա դեմ:

Ինչպես Aif.ru-ի հետ զրույցում նշել է «Ամենակարևորի մասին» («О самом главном») հաղորդաշարի հաղորդավար Սերգեյ Ագապկինը, ոտքերի մկանների ջղաձգումների հիմնական պատճառների շարքին է դասվում օրգանիզմի էլեկտրոլիտային հաշվեկշռի խանգարումը, որի դեպքում օրգանիզմը կորցնում է կալցիումի, կալիումի ու մագնեզիումի աղերը: Բացի այդ, ջղաձգման պատճառ կարող են դառնալ նաև արյան շրջանառության խանգարումները, օստեոխոնդրոզն ու միջողային սկավառակի ճողվածքը:

«Ջղաձգումներ կարող են առաջանալ նաև ֆիզիկական գերլարվածության, բարձր ջերմաստիճանի, ինտոքսիկացիայի (թունավորում), ջրազրկման, առատ քրտնարտադրության ու երակների վարիկոզ լայնացման պատճառով», - նշում է մասնագետը:

Նրա խոսքով՝ ջղաձգումների դեպքում հարկավոր է անպայման դիմել բժշկին (երակաբանին, նյարդաբանին), պարզել պատճառն ու սկսել անհրաժեշտ բուժումը: Հարկ է հիշել, որ խնդիրը կարող է պայմանավորված լինել վտանգավոր հիվանդությամբ, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել, գրում է news.am: